«Կառավարությունը գիտի, որ չի կարող քաղաղացիներից այդ գումարները հավաքել, և բեռը գցել է գործատուների վրա».Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հասարակությունը դժգոհում է մի քանի պատճառներով: Նախ հասարակությունը չի ուզում իր կանխատեսելի ապագան կապել կուտակային կենսաթոշակային ֆոնդի հետ, որ տասնյակ տարիներ հետո գումար ստանա, գումարն էլ շատ չեն տարբերվում այն թոշակի գումարներից, որոնք ներկայումս ստանում են հասարակության որոշակի շերտեր: Բացի այդ, գնաճի և սղաճի պայմաններում այդ գումարը համարժեք չէ այն գումարներին, որոնք կարող են լուրջ կենսամակարդակ ապահովել: Դժգոհության պատճառների թվում է նաև անվստահության մթնոլորտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հասարակության դժգոհությունից,  ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ գործատուների դժգոհությունը կուտակային համակարգից ավելի մեծ է: Կուտակային վճարներ չկատարելու դեպքում օրենքի 76 հոդվածով գործատուն խստորեն պատժվում է, որը համարժեք է հարկեր չվճարելու խստությանը:

՛՛Գործատուն հարկեր է վճարում ձեռնարկատիրական գործունեության համար: Նա մի քանի խնդիր է լուծում, ստեղծում է աշխատատեղեր, պայքարում ձևակերպված աշխատատեղերի համար և վճարում աշխատավարձեր: Իսկ պետությունն ասում է՝ աշխատողին վճարած գումարները հավաքիր  և տուր մեզ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գործատուն կատարի այդ գործառույթը, որն իրենը չէ: Սա գործատու և աշխատող հարաբերություններում սեպ է խրում՛՛,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ, եթե գործատուն այդ վճարները չկատարի, տույժ ու տուգանքի կենթարկվի, ընդհուպ գույքի և հաշիվների վրա կալանք, բռնագրավում:

Գործատուների միության նախագահն առաջարկում է գործատուի վրայից հանել այդ պահանջը, կառավարությունը թող քաղաքացու հետ բանակցի: Նրա խոսքով՝ կառավարությունը գիտի, որ չի կարող քաղաղացիներից այդ գումարները հավաքել, և բեռը գցել է գործատուի վրա: ՀՀ օրենսդրությամբ՝ անհատ ձեռնարկատերերն իրենց անձնական գույքով են պատասխանատվություն կրում կուտակային թոշակների վճարներ չկատարելու դեպքում: Պետությունը սպառնում է գործատուներից խլել անձնական գույքը, հողակտորը, եթե չվճարի կուտակային գումարները, ինչն, ըստ Մակարյանի, սխալ մոտեցում է:

՛՛Ես առաջարկում եմ այդ գումարները հավաքելու դեպքում գործատուն երեք ամիս դրանք օգտագործի արտադրական կամ արտահանման նպատակներով, հետո նոր փոխանցի ֆոնդերին՛՛,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է կենսամակարդակի բարձրացման կանխատեսումներին, Գագիկ Մակարյանի խոսքով, դրանք անիմաստ են, քանի որ միշտ էլ ֆորս-մաժորային իրավիճակներ, կտրուկ սղաճ կարող է լինել, կանխատեսել, որ 30-40 տարի հետո այդ գումարները նույն մոդելով կգործեն, անիմաստ է:

՛՛Կառավարությունն այս տարիների ընթացքում ձախողելով իր ռազմավարությունը՝ հիմա փրփուրներից կառչելու տարբերակ է գտել և փորձում է այդ գումաներն օգտագործել տնտեսության մեջ որոշակի խնդիրներ կարգավորելու համար: Վերջին հաշվով, այս կառավարությունը պետք է այնքան խիզախություն ունենա, որ հավասար մրցակցություն ապահովի, աշխատատեղեր ստեղծի, էժան շինարարություն անի և այլն,- ասում է Մակարյանը:- Ես առաջարկել եմ այսօրվա միգրացիայի ռիսկի պայմաններում փոքր բիզնեսին հարկերից ազատել՝ պայմանով, որ մարդկանց աշխատանքի ընդունի: Հակառակ դեպքում, պետությունն այդ գումարները ծախսելու է արտաքին պարտքը փակելու համար՛՛:

 

Tags: ,