ՙՙԿառավարությունը ՌԴ-ի հետ բանակցելիս չի բարձրացրել այն հարցը, որ ՀՀ-ն ուկրաինական շուկան կորցրել է հենց ռուսական կոնֆլիկտի պատճառով՚՚՚՚. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՌուսաստանը և Ուկրաինան Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են արտաքին տնտեսությունում: Ուկրաինայի հետ Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է 230 մլն դոլար, իսկ ՌԴ-ի հետ 1.3 մլրդ դոլար: Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում  կենսական նշանակության սնունդ, շինարարական հումք և այլն, ՌԴ-ից՝ մեծ քանակի էներգակիներ՝ գազ, նավթ: Բնական է, որ ՌԴ-ն նույնիսկ իր տնտեսության վատացման դեպքում չի դադարի Հայաստանին գազ և նավթ վաճառել, քանի որ դա նրան ձեռնտու է, վաճառում է մեծ գումարներով: Հայաստանը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ միասին վերցրած 500 մլն դոլար արտաքին առևտուր է անում, որը ՀՀ արտաքին առևտրի 10 տոկոսն է: Սա լուրջ թիվ է ՀՀ տնտեսության համար՝ այն վտանգի տակ դնելու դեպքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ մեր կառավարության ներկայացուցիչները ՌԴ-ի հետ բանակցելիս, չեն բարձրացրել այն հարցը, որ ուկրաինական շուկան կորցրել են հենց ռուսական կոնֆլիկտի պատճառով:

<<Վերջերս մենք ունեցանք նաև երկրորդ հարվածը: Վաշինգտոնը որոշում կայացրեց բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման իր ծրագրերը սահմանափակել, քանի որ շուրջ 1 մլրդ դոլարով պետք է աջակցի ուկրաինացիներին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մենք և՛ արտաքին առևտրի, և՛ տնտեսական ծրագրերի մասով տուժում ենք>>,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ն չեն դադարի ՌԴ-ի վրա ճնշումները, դրանք կշարունակվեն, գուցե քողարկված կամ աննկատ, կշարունակվեն աստիճանաբար, որպեսզի ՌԴ-ն բերվի այն իրավիճակի, որ այնտեղ կա՛մ դեմոկրատական շարժումներ ձևավորվեն, կա՛մ ժողովուրդը ներսում ըմբոստանա, կա՛մ ՌԴ տնտեսությունը թուլանա և քայքայման եզրին կանգնի այնպես, ինչպես Իրանում եղավ:

<<Եթե Ռուսաստանում վիճակը վատանա, հայերի զգալի մասը կկորցնի իր աշխատանքը: Ռուսաստանն այդ իրավիճակում կփորձի նախ իր քաղաքացիներին աշխատանքով ապահովել, նրա առաջ խնդիր է դրված պահել նաև Ղրիմը, որը մեծ ծախսեր է պահանջում: Եթե ճգնաժամ լինի ՌԴ-ում, այն նախևառաջ կազդի շինարարության վրա, ինչից հայերը կտուժեն, քանի որ նրանք հիմնականում շինարարության վրա են աշխատում: Պետք է հաշվի առնել, որ այդ մարդկանց վերադարձով կկրճատվեն տրանսֆերտները և կմեծանա գործազրկությունը:  Իմ հաշվարկներով՝ գործազրկությունը կարող է կրկնապատկվել>>,- ասաց Գագիկ Մակարայանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակում մեր կառավարությունը պետք լուրջ վերաբերվի Իրանին, որովհետև Իրանի կառավարությունը կարող է շատ կարևոր հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում ի օգուտ Հայաստանի: Իրանը կարող է իր էներգակիրներով լուրջ մատակարար դառնալ աշխարհի համար և դրանով թուլացնել Ռուսաստանի դերակատարումը: Որպես այլընտրանք կարող է հանդիսաալ նաև Ղազախստանը:

 

 Անկախ

Tags: ,