Հակոբյանը հիշեց Հովհաննես Թումանյանի հերոսին

ruben-hakobyan«Չե՞ք կարծում, որ այս առաջարկը ներկայացնելով` նսեմացնում եք թե´ խորհրդարանական հանձնաժողովի, թե´ Երևանի ավագանու աշխատանքը»,-ոչ իշխանական չորս ուժերի առաջարկի վերաբերյալ քնարկման ժամանակ հիմնական զեկուցողին հարցրեց հանրապետական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը: Կորյուն Նահապետյանը ևս համամիտ է, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակները նույն շահագրգռվածությամբ խնդիրը պետք է բարձրացնեին նախ խորհրդարանական 12 հանձնաժողովներում, որոնք իրենց լիազորությունների շրջանակում էլ խնդիրներին կփորձեին լուծումներ տալ: Պատգամավոր Նահապետյանի կարծիքով, հակառակ դեպքում ստացվում է, որ պետք է վերացվեն մշտական հնաձնաժողովները և ստեղծվեն 2-3 տասնյակ ժամանակավոր հանձնաժողովներ: Կորյուն Նահապետյանի խոսքով, հարցը շահարկվում է: «Մի շահարկեք «շահարկել» բառը, արդեն թափառող եզրույթ է դարձել, Երևանը ձեր տնամերձը չէ»,-վրդովվեց Ռուբեն Հակոբյանը:

Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց գնալ խնդրի լուծման իրավական ճանապարհով, նոր հետո հարցը ներկայացնել քաղաքական կարգավորման: Եթե խնդիր կա, ապա այն ավագանին կարող է ներկայացնել դատական մարմիններին:

Ի պատասխան, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ինչպես Խորհրդարանում, այնպես և քաղաքապետարանում իրենք փոքրամասնություն են և անգամ հարցերը բարձրացնելուց հետո որևէ արդյունքի չեն կարողանում հասնել` միաժամանակ Խոսրով Հարությունյանին խորհուրդ տալով սեփական նախաձեռնությամբ գնալ իրավական ճանապարհով, եթե իհարկե, հավատում է, որ հաջողության կհասնի:

Հակոբյանը հիշեց նաև Հովհաննես Թումանյանի հերոսին, որ լեռներից գնում է Սև ծով, մանդարին ճաշակում, իսկ նրա քեռակինը խնդրում է, որ հետը մանդարինի տնկի բերի, որովհետև շուկայում թանկ է: «Ասում են` լավ, համով միրգ է, բայց ձեզ մոտ չի աճի: Հերոսն էլ մտածում է` ինչ պատասխան տա քեռակնոջը,-ասաց Հակոբյանը,-հիմա ես ասում եմ` դատական կարգով գնալ նշանակում է թաղել հարցը, դուք ասում եք` ինչու չեք գնում, քիչ է մնում` ամբողջ Հայաստանը մասնավորին տաք»:

 

Անկախ

Tags: , ,