«Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին». Բրեդլի Բուզետտո

big_1382605910_1894238Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի ամենամյա (ԹՎՄԽ 2013) զեկույցի ներկայացման ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, թմրամիջոցների կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013-ի զեկույցի համաձայն` աշխարհում ծանր թմրամիջոցներ օգտագործող (մոտ 4,5 միլիոն մարդ) յուրաքանչյուր վեց մարդուց միայն մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը, ինչը տարեկան կազմում է 35 միլիադ ԱՄՆ դոլար: Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել թմրադեղերի չարաշահման տնտեսական և սոցիալական հետևանքների վրա, անդրադարձ է կատարվել դեղատոմսով չարաշահմանը, որի ծավալները որոշ երկրներում գերազանցում են «արգելված» թմրամիջոցների չարաշահման ծավալները, ներկայացվել են նաև տարածաշրջանային միտումները:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն ահազանգում է դեղատոմսով տրվող թմրամիջոցների լայն մատչելիության մասին` նշելով, որ դրանց չարաշահումը մեծ սպառնալիք է հանրային առողջապահության համար և որոշ երկրներում առաջ է անցնում ապօրինի թմրանյութերի չարաշահման ցուցանիշից:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն առաջարկում է ուշադրություն դարձնել կանխարգելման, թմրամիջոցների դեմ պայքարին, որպեսզի նվազի թմրադեղերի չարաշահման հետևանքով առաջացած տնտեսական վնասը:

«Այս տարածաշրջանը գլխավոր տեղում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցում: Բարեբախտաբար, Հայաստանն այս հարցում Արևմտյան Ասիայի մյուս երկրների` Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի նման ծայրահեղ խնդիրների չի բախվում` անգամ հաշվի առնելով վերջերս հայտնաբերված մեծ ծավալի թմրամիջոցները»,-նշեցին ուսումնասիրողները:

 

Անկախ

Tags: , ,