Քաղաքական դալտոնիկ, քաղաքական իմպոտենտ. փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում

 загруженноеՏեսանկարահանող և լուսանկարահանող22744 սարքերի կիրառման, վճարովի ավտոկանգառների, հնարավոր ուղեվարձի թանկացման հարցերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախագիծն այս քառօրյայում քվեարության չի դրվի, այլ կտեղափոխվի հաջորդ քառօրյա, բայց մինչ այդ, ինչպես առաջարկել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրացված հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Մինչ այս որոշումը, ամփոփիչ ելույթներով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր ոճին հավատարիմ մնալով, սկսեց թվարկել հանրապետականի բոլոր առավելություններն ու ընդգծել ընդդիմության թերությունները: «Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ,-ասաց նա ընդդիմադիր ուժերին,-մի մտածեք, որ կարողանում եք ամբոններից խոսք ասել, դա ինչ որ փառահեղ խոսք է: Դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջնորդվում` համախմբել ամբոխին, սրբացնել, անկանխատեսելի դարձնել և ժողովրդի գլխին չարիք բերել: Դուք անգամ ժողովրդին ու ամբոխն իրարից չեք տարբերում»:

Այնուհետև, անցնելով չափածոյի, նա ամբոխի և ժողովրդի մասին մի ստեղծագործություն ընթերցեց, որից հետո ասաց, որ դրանք իր խոսքերը չեն, այլ Հովհաննես Թումանյանինն են:

 «Բա շուտ ասեիր, որ քոնը չեն, թե չէ մարդիկ թողեցին-գնացին դահլիճից: Սկզբից որ ասեիր Թումանյանն ա, չէին գնա, Գալուստ Գրիգորիչ»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որն անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին, թե ամեն պատեհ-անպատեհ առիթով ընդդիմությունը փորձում է ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել:

Խոսքն ուղղելով նախ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Կորյուն Նահապետյանին, որը նախօրեին ասել էր, որ ընդդիմությունը փորձում է շահարկել հարցերը, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ի՞նչն ենք շահարկում, եղբայր: Գոնե մի ուրիշ հոմանիշ գտեք, արդեն սպանում եք էս բառով: Եվ եթե դասեր եք մեզ տալիս, մենք երևի լավ ընդդիմություն չենք: Խնդրեմ, դուրս եկեք, մտեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, բայց ոչ թե սենց միանգամից մտել եք քաղաքականություն և իշխանություն և մեզ դասախոսություններ եք կարդում: Երիտասարդ եք, մի քանի տարի ընդիիմություն աշխատեք և հետո իրավունք կնվաճեք դասեր տալու»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այնուհետև, անդրադառնալով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի այն խոսքին, որ ընդդիմությունն ամբողջությամբ սև ակնոցով է նայում իրականությանը, ասաց. «Ես կարծում եմ` դա քաղաքական դալտոնիզմ է` տեսնել, որ ընդդիմությունը սև  ակնոցով է նայում: Իսկ գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել և ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները»:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց իրենց դասեր չտալ` առավել ևս նրաք, որոնք կյանքում գոնե 15 րոպե ընդդիմություն չեն եղել:

Քաղաքական դալտոնիզմի մեղադրանքին Խոսրով Հարությունյանը պատասխանեց ոչ պակաս մեղադրանքով. «Ինձ քաղաքական դալտոնիկ ասողը քաղաքական իմպոտենտ է, այո` քաղաքական իմպոտենտ, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի ձայն հավաքած և մեկ ամսվա ընթացքում այդ ձայները հօդս ցնդեցրած քաղաքական ուժը ոչ այլ ինչ է, քան քաղաքական իմպոտենտ: Է՞ս ինչ բան էր, մեզ խորհուրդ չտաք, մեզ չսովորացնեք: Մարդիկ կան այս դահլիճում, որոնց կենսափորձը թույլ է տալիս ոչ միայն ձեզ, այլ միգուցե ձեր սերունդներին էլ խորհուրդ տալ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ներողություն խնդրելով, որ այս բարձր ամբիոնից ստիպված է նման բաներ ասել:

Անկախ

Tags: , , , , ,