«ՀՀ, ԼՂՀ և դրսի մեր քաղաքական իշխանությունները պետք է նստեն ու քննարկեն, թե ուր են գնալու քեսաբցիները» . Ժիրայր Լիպարիտյան

ժիրայր-լիպարիտյան1991-1997թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Քեսաբի հայաթափմանը` նկատեց, որ Սիրիայում հայ քաղաքական իշխանությունները նվազեցնում են սիրիական իրավիճակի վտանգները:

«Սիրիական պատերազմի պատճառով միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց տները: Այսօր շատ բարդ պատերազմ է ընթանում: Արդեն որերորդ անգամն է մեր ժողովրդի մի մասնիկը ստիպված է լքել իր տարածքը: Սիրիայում և՛ ներքին, և՛ ազգային, և՛ կրոնական, և՛ պետական հարցերի բախում է, տարածաշրջանային ուժերի և մեծ տերությունների մրցակցություն, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների ներկայացուցիչները գաղթական են դառնում» ,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը:
Ըստ բանախոսի` մեր քաղաքական իշխանությունները, որոնք քաղաքական պատասխանատվություն ունեն Մերձավոր Արևելքում, ինչպես Կիլիկիո կաթողիկոսությունը,  ձգտում են նվազեցնել առկա վտանգները, փափագում են, որ հայ համայնքը մնա այնտեղ, նրանց ներկայացմամբ` վտանգ չկա, ինչի հետևանքով բնակչությունն անընդհատ անակնկալի է գալիս և անպատրաստ է: Նա նկատեց, որ, եթե հայերը պատրաստ լինեին, Քեսաբից դուրս կգային փաստաթղթերով, իսկ հիմա առանց փաստաթղթերի են:

«Պետք է անպայման գերազգային ձևով մեր քաղաքական իշխանությունները թե’ Հայաստանում, թե’ Լեռնային Ղարաբաղում, և թե’ դրսում նստեն և քննարկեն այն հարցը, թե ուր են գնալու քեսաբցիները: Այստեղ ինստիտուցիոնալ մտածելակերպ է անհրաժեշտ: Տեղի քաղաքական կուսակցությունները ցանկանում են հավատալ, որ ճիշտ գործ են անում, բայց դա վտանգավոր է, իրենք էլ պետք է գերազգային ձևով մտածեն»,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը` հավելելով, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ տեղեհանված հայերը ցանկանան վերադառնալ Հայաստան:

Հարցին` որն է լավագույն տարբերակը տեղահանված հայերի համար, բանախոսը պատասխանեց. «Լավագույն տարբերակն այն կլիներ, որ ժողովուրդը վերադառնար Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է` հնարավոր կլինի, թե ոչ»:

 

 

Tags: ,