Հայաստանի ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ակնկալում է, որ այս տարի կայուն բերք կլինի, քանի որ տարին վատ չի սկսվել հացազգիների համար:
«Գարունը 10 օր շուտ է սկսվել, փորձը ցույց է տալիս, որ գարնան շուտ գալով այգիներում ցրտահարության վտանգը մեծանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներին զգուշացրեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ վաղվանից ջերմաստիճանի անկում է կանխատեսվում և ցրտահարության վտանգ կա, իսկ գյուղացիներին ծանոթ լավագույն և հեշտ տարբերակը այգիները ծխեցնելն:
Հրաչ Բերբերյանի խոսքով` բանջարեղենի աճեցման տարածքներում մորմազգու ցեցի դեմ օդային պայքար պետք է մղել, քանի որ ներքևից սրսկումներն օգուտ չեն տա:
Անդրադառնալով ոռոգման խնդիրներին` Ագրագյուղացիական միավորման նախագահ նշեց, որ մինչև 2002 թվականը ոռոգման համակարգը ղեկավարում էր գյուղնախարարությունը, իսկ այսօր պետությունը ստեղծել է մոնոպոլ վիճակ` այդ իրավասությունը տալով ՋՈ-երին: Իսկ գյուղացուն պետք է այլընտրանքի հնարավորություն տալ:
«Հայաստանցի ֆերմերները կարող են ջրի համար երկու անգամ քիչ վճարել, քան այսօր: Դրան կարելի է հասնել, եթե ֆերմերներին վերադարձնեն նրանց տնտեսությունների ներսում ոռոգման ցանցերը: Ժամանակին դրանք փոխանցվել էին գյուղական համայնքներին, ըստ որում՝ լիովին անհատույց: Կարծում եմ, որ դա հակաիրավական քայլ է: Այժ ֆերմերները ջրի համար վճարում են մեկ քառակուսի մետրի համար 11 դրամ: Եթե նրանք իրենց ոռոգման համակարգերն ունենան, սակագինը կարող է նվազել մինչև 4,5 դրամ»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Գազի թանկացման պարագայում էլ, ըստ Հրաչ Բերբերյանի, ջերմոցատերը կա’մ մինիմալ շահույթ կունենան, կա’մ ընդհանրապես շահույթ չի ունենա: Այդ պատճառով էլ փոքր ջերմոցը պետք է իր տեղը գտնի և այնպիսի գյուղմթերքներ աճեցնի, որոնք իրապես օգուտ կբերեն իրեն: Ասենք` եթե ջերմոցում լոլիկ, վարունգ աճեցնելուց շահույթ չունի, ապա ելակից հաստատ կունենան: Սուբսիդավորումը պետք է տրվի հենց գյուղացուն, ոչ թե այն գործարաններին, որոնք ներկրում են: Գյուղացին ինքը պետք է որոշի, թե ի՞նչ արտադրի:
«Մեծածախ շուկաներն ուսումնասիրելիս նկատել եմ, որ մեր սպառողը ավելի շատ տեղական արտադրության ապրենք է ցանկանում գնել, պետք է նրան տալ այդ հնարավորությունը»,-ասաց բանախոսը` ամոթ համարելով այն, որ անցած տարի տոմատի մածուկ է ներկրվել, այն դեպքում, երբ ողջ խորհրդային միության տոմատի մածուկի 20 %-ից ավելին Հայաստանն էր ապահովում:
Tags: գյուղատնտեսություն
