Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը

օրենքՔաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: ,