Գործադիրը հավանություն է տվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին

կառավարության նիստՀՀ կառավարությունն իր ս.թ. մարտի 27-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին:
Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձևավորման համար: Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները:
Ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է: Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները և սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև հիմնական ռիսկերը: Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության անշեղ ավելացումն է։ Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝
որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ:
ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորության ստեղծմանը: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի՝ սեփական պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուրի մեջ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը։

Tags: