Հայաստանի ներդրումը միջազգային զարգացումներում

mesՀյոգոյի գործողությունների ծրագիր 2 (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորում

Մարտի 26-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Հյոգոյի գործողությունների ծրագիր 2-ի (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորման խորհրդաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին մոտ 100 ներկայացուցիչներ՝ ՀՀ նախարարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ԱՌՆ մարզային թիմերից, գիտական և ուսումնական հաստատություններից ու համայնքներից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը. «Հայաստանը ՄԱԿ-ի 168 երկրների շարքում միացել էր Հյոգոյի գործողությունների ծրագրին։ Վերջին տարիներին բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել` ուղղված Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը։ Այսօր մեր նպատակն է քննարկել և ձևավորել ՀԳԾ2-ի Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում բեղմնավոր աշխատանք»:
Խորհրդաժողովի առաջին մասում ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՀԳԾ ազգային համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց ՀԳԾ հինգ գերակա ուղղություններով Հայաստանի ձեռքբերումները. «2005թ.-ին Հայաստանը ստորագրեց Հյոգոյի գործողությունների տասնամյա ծրագիրը, որի գլխավոր նպատակը պետություններում և համայնքներում աղետների պատճառած մարդկային, սոցիալական, բնապահպանական կորուստների էական նվազեցումն է»: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռքբերումներին՝ Ն. Գրիգորյանը շարունակեց. «2010թ.-ից արդեն առաջինը տաարածաշրջանում ստեղծեցինք Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը՝ ԱՌՆԱՊ-ը, որը գրանցվեց որպես հիմանդրամ: Շահագրգիռ բոլոր կառույցներին ներգրավելով՝ մշակեցինք ԱՌՆ ազգային ռազմավարությունը՝ գործողությունների կոնկրետ ծրագրով: 2010-2013 թթ.-ի ընթացքում ԱԻՆ կողմից մշակվել, շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանն ու իրավասու մարմինների հաստատմանն են ներկայացվել ՀՀ օրենքի ավելի քան 20, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 200-ից ավելի նախագծեր: Այս ոլորտում Հայաստանն առաջատարի համարում ունի միջազգային կառույցներում և զգալի ներդրում ընդհանուր զարգացումներում»: Զգալի ձեռքբերումներ են գրանցվել փրկարար ծառայության, սեյսմիկ պաշտպանության, հակակարկտային ծառայության, կադրերի պատրաստման և վերապատրաստման, հանրային իրազեկման և ուսուցման ոլորտներում։ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխարգելման և վերականգնման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն իր ելույթում մեկ անգամ ևս հաստատեց, որ ՀԳԾ-ի նպատակն է փրկել կյանքեր: ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով ԱՌՆ ուսուցման ոլորտում տարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ մշակված առաջարկությունները, հաստատեց. «Առանց կրթության ռիսկի կանխում, կանխարգելում պարզապես չի կարող լինել: Այն այս գործընթացի անբաժանելի մասն է: Կրթությունը հանդիսանում է կանխարգելման կարևոր գործընթաց»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, անդրադառնալով երեխաների իրազեկվածությանն ու պաշտպանվածությանը, նշեց. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, որպես ՄԱԿ-ի կառույց, կարևորել է ընդհանուր ԱՌՆ գործողությունների պլանը: Մանկական հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս դիմակայունության կառուցմանն ու աղետների ռիսկի նվազեցմանը։ Մեր նպատակն է` ձևավորել դիմակայուն համայնք»:

Խորհրդաժողովի երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին 5 թեմատիկ խմբերի. կրթություն և ուսուցում, ԱՌՆ տեղեկատվության կառավարում և հանրային իրազեկում, տեղական մակարդակում ռիսկի կառավարում և դիմակայություն, ռիսկի մասնագիտական կառավարում և մասնագիտական ուսումնասիրություն, աղետների և կլիմայի փոփոխության հետևանքով տեղահանվածների խնդիրների թեմատիկ խումբ:

Խմբերի աշխատանքի արդյունքում ձևավորվեց ՀԳԾ2 Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը, որը պետք է ներկայացվի ապրիլի 1-2-ն Ալմա Աթայում(Ղազախստան) կայանալիք ՀԳԾ-2-ի տարածաշրջանային քննարկմանը:

Tags: