Սևանից 240 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը հասավ խորհրդարան

19396699Խորհրդարանում քննարկվում էր “Սևանա լճի էկոհոմոկորգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:

Նրա խոսքով` հատկապես Սև ջուր ջրավազանային տարածքում` շուրջ 29 բնակավայրերի հողատարածքներում, ջրի լուրջ դեֆիցիտ է առաջացել, և այլընտրանքային ռեսոուրսների բացակայությունը ստիպում է կառավարությանը դիմել Սևանա լճին:

Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել, ասենք, 2-3 տարվա համար, ոչ թե հինգ: Անդրեասյանը պարզաբանեց, որ 240 միլիոնը դա ամենամեծ թիվն է, և հնարավոր է, որ բանը դրան չհասնի:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց, թե արդյո՞ք հարցը քննարկվել է բնապահպանների հետ, և հաշվի են առնվել նրանց դիտողություններն ու առաջարկները:

Անդրեասյանը պատասխանեց, որ բնապահպանների հետ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով, բայց, ցավոք, խոսակցությունը մտել է էմոցիոնալ դաշտ: Ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն երկխոսություն միշտ եղել է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կարևորելով ձկնաբուծությունը որպես շահավետ ու հեռանկարային բիզնես, հարցրեց, թե ինչո՞ւ կառավարությունը նախօրոք չի կանխատեսել այն հետևանքները, որոնք ի հայտ են եկել Արարատյան դաշտավայրի ջրային ավազանում, ինչո՞ւ բիզնեսը համապատասխան ձևով չի կարգավորել և անվերահսկելի է թողել դաշտը:

Պատասխանողի խոսքով` Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը հնարավոր է, որ միայն պայմանավորված չլինի ձկնաբուծարաններով, քանի որ երկրաբանական խորը ուսումնասիրություններ դեռևս արված չեն: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ոլորտի վերահսկմանը, ապա նա հավաստիացրեց, որ ոլորտը կարգավորման դաշտում է, պարզապես որպես լիբերալ տնտեսության ուղենիշի կրող, կառավարությունը որոշակի սահմանից սկսած ազատ է թողել տնտեսվարողներին: Այնուամենայնիվ, Անդրեասյանը վստահ է, որ այժմ տարվող միջոցառումները` ուղղված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կարգավորմանը, դրական արդյունք են տալու:

Ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ասելով. «Վախենամ, հենց մենք քվեարկենք, հինգ տարի ոչ մի ջրամբար չկառուցվի, և հինգ տարի հետո նորից գաք, ասեք` Սևանից ջուր է պետք բաց թողնել»:

Պատասխանողը հայտնեց, որ երկու ջրամբարների նախագծային աշխատանքները սկսված են, իսկ Եղվարդի ջրամբարը նախանախագծային փուլում է:

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ջհանգիրյանին հուսադրեց. «Ես խոսել եմ Հանրապետության նախագահի հետ, պարոն Ջհանգիրյան, այդ ջրամբարները ՀՀ նախագահի վերահսկողության տակ են իրականացվելու»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ խիստ կասկածեց, որ առաջիկա հինգ տարում այդ ջրամբարների ծրագրերը կյանքի կկոչվեն: Փոխարենը նա առաջարկեց գումարները ծախսել ոչ թե մեծ ու անիրականանալի խնդիրների ուղղությամբ, այլ գոնե փոքր խնդիրների լուծման:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Արարատյան դաշտավայրում ապօրինի ձկնային տնտեսություններ կառուցած և դաշտավայրի ջրային ավազանը վնասած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «2007 թվականից էդ պրոցեսը սկսված է: Ես զարմանում եմ, էդ փաստերի առթիվ որևէ քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ն ձերբակալվածներ: Հիմա ձեր իսկ կողմից թույլ տված հանցագործությունը կոծկելու համար դնում, Սևանից հերթական ջուրն եք բաց թողնում: Եթե մարդիկ պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ նույն հաջողությամբ կցամաքեցնեք»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ձկնաբուծարանների սեփականատերերի մեծ մասն այս դահլիճում և ԱԺ նախագահությունում նստած է:

Այնուհետև, մեջբերելով Հովիկ Աբրահամյանի խոսքը, թե ինքը խոսել է Հանրապետության ղեկավարի հետ, և այդ ջրամբարների կառուցումը նրա վերահսկողության տակ է, Փաշինյանն ավելացրեց. «Լեզվի տակ ոսկոր չկա, դուք նաև ասում էիք` էն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պիտի հրաժարական տա, ձեր ասածի մեջ գյոլ չկա…»:

«Ձեր լեզվի տակ էլ փուշ չկա, ինչ ուզում ասում եք»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյայի աշխատանքների ավարտի պատճառով և կշարունակվի արդեն ապրիլ ամսին:

Անկախ

Tags: , ,