«Այս գործի մեջ բոլորն անխտիր շահում են». «Զվարթնոց»-ի պայքարն արդյունք է տալիս

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի գլխին կուտակված սև ամպերը կարծես ցրվում են, և հարցը լուծվում է` հօգուտ շենքի պահպանման:

Գրեթե մեկ տարի տևող բուռն քննարկումների արդյունքում կառավարությունն ի վերջո ընկրկեց հանրային դիրքորոշման առջև` հանձնարարելով օդանավակայանի ղեկավարությանը ճարտարապետների հետ միասին քննարկել օդանավակայանի զարգացման այնպիսի լուծումներ, որոնք կերաշխավորեն կլոր շենքի պահպանումը:

Հանրային խորհուրդը, որտեղ նախորդ տարվա օգոստոս ամսին դիմել էր քաղավիացիայի գլխավոր վարչությունը` քննարկելու շենքի քանդման կամ պահպանման հարցը, և որը կայացրել էր շենքը պահպանելու որոշում, ս.թ. մարտի 26-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները»:

ՀԽ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկել է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով ձևավորվել է «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք, ինչպես նաև բարձր գնահատել ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին»:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպման մասին «Անկախ»-ին մանրամասներ ներկայացրեց Գրիգոր Ազիզյանը:

Նրա խոսքով` հանդիպմանը մասնակցել են Ճարտարապետների միության մի խումբ անդամներ` միության նախագահի ղեկավարությամբ, կոնցեսիոների ներկայացուցիչն ու քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա ներկայացրել է նոր որոշումը, որը քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարություն:

«Նոր որոշման մեջ կոնցեսիոներն ընդունում է այն առաջարկը, որ պետք է քննարկվեն շենքը պահպանելու վերաբերյալ լուծումներ: Իսկ լուծում միշտ կգտնվի»,-նկատեց Ազիզյանը:

Նրա խոսքով` քննարկումը բավականին լուրջ ու հետաքրքիր է եղել և անցել է բոլորովին այլ մթնոլորտում. «Որ շենքն արժեք է, պետք է ամեն ինչ անել այն պահպանելու համար և այլն»:

Ինչպե՞ս է ավարտվել հանդիպումը հարցին Ազիզյանը ծիծաղելով պատասխանում է. «Համընդհանուր լուսանկարվելով»,-ապա ավելացնում,-քանի որ հենց Էռնեկյանի կողմից է եղել առաջարկը, որ գտնենք հնարավորություն շենքը պահպանելու, ուստի կոնցեսիոները պետք է վերանախագծի իր մաստեր պլանը, մենք էլ բնականաբար մասնակցելու ենք այդ քննարկումներին, մեր առաջարկներն ենք ներկայացնելու և միասին փորձելու ենք գտնել լուծումներ շենքը պահպանելու նպատակով»:

Ի դեպ, Գրիգոր Ազիզյանը նշում է, որ այդ հանդիպման ժամանակ բոլորն էին ուրախ` անգամ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակիցները: Ազիզյանին դուր չի եկել միայն կոնցեսիոների ներկայացուցչի այն կարծիքը, որ կլոր շենքը սեյսմիկ տեսանկյունից շատ վատ վիճակում է, և իրենք արտերկրից պետք է հրավիրեն մասնագետներ, որոնք պետք է քննարկեն շենքի սեյսմակայունության և ամրացման հարցերը: «Ես պարզապես ասացի, որ եթե հանկարծ արտասահմանյան մասնագետները որոշեն, որ հնարավոր չէ շենքն ամրացնել, դիմեք մեզ, մենք անպայման կգտնենք լուծում»:

Իսկ լուծման տարբերակ, ըստ Ազիզյանի, մեկը չէ, այլ առնվազն վեցն է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ազիզյանը նաև «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենն է, և հենց այդ կառույցն է ժամանակին մրցույթով շահել «Զվարթնոցի» կլոր շենքի նախագծման և կառուցման պատասխանատվությունը, ուստի նրա համար շենքի պահպանումն ունի բոլորովին այլ նշանակություն:

Ազիզյանն ուրախ է, որ Հանրային խորհրդի հետևողական ջանքերն ու հանրային պայքարն իրենց ցանկալի արդյունքը տվեցին: «Այս գործի մեջ պարտվող չկա, բոլորն անխտիր շահում են` և´ պատվիրատուն, որն իզուր տեղը փող չի ծախսելու շենքի քանդման վրա, և´ պետությունը, և´ իհարկե ժողովուրդը»:

Հաջորդ քայլն, ըստ Ազիզյանի, պետք է լինի կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: Շուտով տեղի է ունենալու մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող փորձագիտական հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է նաև հուշարձաններին կարգավիճակ շնորհելու հարցով: Հանձնաժողովի անդամ է նաև Գրիգոր Ազիզյանը, նրա խոսքով` այդ նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը:

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ համատեղ քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:

Երկարատև ու համակողմանի քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը որոշել էր դիմել կառավարություն չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, ինչպես նաև հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

Tags: , , ,