«Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»

j Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է: Աշխուժացում է դիտվում 0-2 տարեկան երեխաների դիմելության շրջանում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` ներկայումս հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, նրանց համապատասխան բուժում է տրամադրվում:

« «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբով կանչերը: Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով` դեռ մեկ ամիս կա, որ շնչառական վարակների սեզոնն ավարտվի: Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը`մինչ ստացիոնար բուժման դիմելը, օգտվեն առաջնային բժշկական ծառայությունից:

«Տվյալ հիվանդին սպասարկող մանկաբույժը, թերապևտը շատ ավելի լավ են տիրապետում երեխայի վիճակին, լավ գիտեն նրա հիվանդության պատմությունը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գրիպը և շնչառական վարակները օդակաթիլային տարածման մեխանիզմ ունեն և ստացիոնարներում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է»,-ասաց Լիանա Թորոսյանը` խորհուրդ տալով վիրուսներից խուսափելու համար եղանակին համահունչ հագնվել, չզբաղվել ինքնաբուժությամբ և խորհուրդներ հարցնել ոչ թե հարևանից, այլ բժշկից: