Կայացել է UWC Dilijan դպրոցի եւ UWC կրթական ցանցի աշակերտների ընտրության վերջին փուլը

դիլիջանի դպրոցՄարտի 29-ին եւ 30-ին Երեւանում Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի ներկայացուցիչները եւ կրթական ոլորտի մասնագետները հարցազրույցներ են անցկացրել ընտրության նախորդ փուլերը հաղթահարած հայաստանցի երիտասարդների հետ:

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 21 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում եւ 11-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում (Իտալիա, Ուէլս, Հոնգ Կոնգ, Հոլանդիա, Նորվեգիա, Գերմանիա, ԱՄՆ, Սինգապուր, Հնդկաստան):

Մինչեւ ս.թ. փետրվարի 17-ը UWC համակարգում սովորելու հայտ կարող էին ներկայացնել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

UWC համակարգում ընդունելության գործընթացի գլխավոր յուրահատկությունն այն է, որ դպրոցները դրան չեն մասնակցում` ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմինների` UWC Ազգային կոմիտեների կողմից:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի UWC Ազգային կոմիտեն ստացել էր 270 հայտ:

Հայտերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրվել էին 159 երիտասարդներ, որոնց հետ UWC համակարգի մասնագետներն անցկացրել էին հարցազրույցներ Skype-ի միջոցով: Այդ փուլը հաջողությամբ հաղթահարած 64 երիտասարդները ստացել էին մարտի 29-ին եւ 30-ին Երեւանում կայանալիք հարցազրույցներին մասնակցելու հրավեր:

Վերջին ընտրական փուլի արդյունքները հայտնի կդառնան ս.թ. ապրիլի վերջին: Դրանից հետո քոլեջները, այդ թվում նաեւ UWC Dilijan-ը, պետք է իրենց համաձայնությունը տան եւ հաստատեն աշակերտների թեկնածությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին կրթական ոլորտի հայաստանցի եւ արտասահմանցի մասնագետներ, մասնավորապես, «Անանիա Շիրակացի» կրթական համալիրը ներկայացնող Սաթինե Ղարաքեշիշյանը, PH International-ի հայաստանյան տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, UWC Adriatic (Իտալիա) դպրոցի ներկայացուցիչ Ռիմա Ռապոպորտեն, Հայաստանի UWC Ազգային կոմիտեի նախագահ Սիմոնե Սիգարբոսան (Իտալիա), UWC USA դպրոցի շրջանավարտ Սամիր Մաստակին, UWC Ռուսաստանի Ազգային կոմիտեի անդամ Դարյա Բրոդնիկովսկայան, UWC միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Միա Էսկելունդը (Դանիա) եւ ուրիշներ:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները որոշում են կայացրել այն մասին, որ UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով: Սինգապուրի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոնգ Կոնգի եւ Ուէլսի UWC դպրոցները պատրաստ են մեկական տեղ հատկացնել հայաստանցի դիմորդների համար եւ ապահովում են նրանց ուսման հետ կապված ծախսերի մինչեւ 100 տոկոսը: Մնացած դպրոցները տեղերը տրամադրում են առանց կրթաթոշակի եւ դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

UWC համակարգում եւ UWC Dilijan միջազգային դպրոցում սովորելու գործընթացը մանրամասն ներկայացված է www.am.uwc.org կայքում:

Tags: