«Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա ԼՂ հիմնախնդիրը». Սերգեյ Մինասյան

Սերգեյ ՄինասյանՀայաստանը ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու այլընտրանք չուներ: Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելով` արդյոք Հայաստանը չհայտնվե՞ց Հյուսիսային Կորեայի նման երկրների շարքում հարցին քաղաքագետը պատասխանեց. «Պետք չէ Հայաստանին այդ երկրների հետ նույն շարքին դասել: Իմ կարծիքով` Հայաստանն այս պարագայում Ֆինլանդիային է հիշեցնում սառը պատերազմի տարիներին, որը ցանկանում էր հավասարակշռված հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի, թե՛ Խորհրդային Միության հետ: Նույն վիճակում հիմա Հայաստանն է, ձգտում է պահպանել Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, միևնույն ժամանակ չի կարող անտեսել իր և իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերը»:

Քաղաքագետը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը պաշտպանել է Հայաստանի իշխանությունների այս որոշումը, ինչը, ըստ նրա, խոսում է այն քաղաքական համաձայնության մասին, որ կա Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Լեռնային Ղարաբաղի հարցում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով  բանաձևին, որով ճանաչվում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին:

Tags: ,