Որոշ հանգամանքներ հուշում են, որ աուտիզմ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»

աուտիզմԱպրիլի 2-ի` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի հիմնադիր Աերա Պաուլ Հեյլվեյլը վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է ժամանել` օգնելու աուտիզմով հիվանդ երկու երեխաների: Հետագայում հասկացել է, որ Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել կենտորն, որտեղ կայցելեն երեխաները և համապատասխան մասնագետների աշխատանքի շնորհիվ իրենց մեկուսացած չեն զգա հասարակությունից: Այսօր կենտրոն է այցելում աուտիզմով 80 և ավելի երեխա:

Աերա Պաուլ Հեյլվեյլի խոսքով` ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան կարող է նման հիվանդություն ունենալ:

«Ցավոք, հնարավոր չէ դեռ չծնված երեխաների մոտ ախտորոշել այդ հիվանդությունը: Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, որքանով շուտ միջամտություն կատարվի, այնքան ավելի հեշտ կլինի հիվադությունը բուժելը: Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար այն կապված է գենետիկայի հետ: Օրինակ` այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմով հիվանդ երեխա, մեծ է հավանականությունը, որ հաջորդ երեխան ևս աուտիզմ հիվանդությունն ունենա, ինչը հուշում է հիվանդության գենետիկական պատճառի առկայության մասին»,- ասաց մասնագետը:

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում:

2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով տառապող մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը`օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Հայաստանում 2012-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:

Tags: