ՍԴ նախագահի համար պարզ է` կառավարությունն այնպես է արել, որ պարտադիր կուտակայինի վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը

Const.-court2-450x300Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի՞ պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այն ուշացած աշխատավարձ է:

Այդ պատասխանից հետո ՍԴ նախագահը նշեց, որ իր համար արդեն պարզ է` կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
Իր հերթին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառեն, կամ, միգուցե, տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Ֆելիքս Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններից հետաքրքրվեց:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այս օրենքով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: «Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք օրենքի ընդունումը, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կհանգեցնի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի»,-ասաց Արտեմ Ասատրյանը պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Ֆելքս Թոխյանի այն հարցին, թե ինքը կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակի իր իրավունքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարող եք, այո»:
Ֆելիքս Թոխյանի այն դիտարկմանը` թե ինքը ցանկանում է կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց պետությունը 40 տարի առաջ իրեն ասում է՝ ոչ, պետք է ստանաս, հիմա պետք է վճարես, իսկ 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել, նախարարը պատասխանեց. «Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
 

Tags: , ,