ՙՙՄիշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ՚՚. պարզաբանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

հակոբ հակոբյանՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դատաքննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի պատասխան այդ օրենքում տարիքային խտրականության մասին դիմող կողմի պնդումներին, պարզաբանեց, թե օրենքը, որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, նախատեսելով  միայն 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունում պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա: Միշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ:

ՙՙՄիշտ էլ կարելի է վիճարկել, թե, օրինակ, ինչո՞ւ անձը 63 տարեկանում է անցնում թոշակի, թե ինչու՞ է մինչև 18 տարեկանը համարվում երեխա, այլ ոչ 21-ը, ինչու՞ է դպրոցական տարիքը ներկայումս սկսվում վեց տարեկանից: Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորածները, ոչ թե 17 տարեկան 364 օրականները՚՚,-նկատեց Հակոբ Հակոբյանը:

Հակափաստարկ բերելով դիմող կողմի պնդումներին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը սահմանափակում է սեփականության տնօրինման իրավունքը:

ՙՙԱյն հանգամանքը, որ պետությունը, Սահմանադրության մակարդակով պարտավորություն է կրում ճանաչել և պաշտպանել անձանց սեփականության իրավունքը, որևէ կերպ չի ենթադրում, որ օրենքի մակարդակով չի կարող որոշակի ժամկետով սահմանափակվել անձանց սեփականություն հանդիսացող կոնկրետ բաղադրիչի օգտագործման և տնօրինման իրավունքը՚՚,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Անկախ

Tags: , ,