Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում. Վազգեն Սաֆարյան

Վազգեն Սաֆարյան“Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում: Դրա մեծ մասը տեղաբաշխված է հենց Երեւանում, որի մասնաբաժինը կազմում է 40,8 տոկոս և արտադրանքի 506,8 մլրդ դրամի ծավալ ունի: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 16,5 տոկոս մասնաբաժնով և 204 մլրդ դրամի արտադրանքի ծավալով, երրորդ տեղում Կոտայքը՝13,4 տոկոսով, 166 մլրդ դրամով, Արարատի մարզը՝ 9,9 տոկոսով և 123 մլրդ դրամով: Ամենացավալի և ոչ հասկանալի իրավիճակում են գտնվում Շիրակի և Լոռու մարզերը: Լոռու մարզում Հայաստանի ընդհանուր արդյունաբերության ընդամենը 6 տոկոսն է, որը տալիս է 75,2 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: Իսկ Շիրակի մարզում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 3,4 տոկոս, 42,6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ այն 3,5 տոկոսով անկում է ապրել”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ հենց այս փաստերի հիման վրա է իրենց կազմակերպությունը առաջին այցելությունը կատարել Շիրակի մարզ և խոսել մարզի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների հետ. «”Այնտեղ հիմնականում խոսում էին այն մասին, որ պետական աջակցության կարիք ունեն: Հանդիպման ժամանակ շինարարական կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին, որ Երևանից բերվում են շինաքարեր, որոնք օգտագործվում են Գյումրիում իրականացվող շինարարություններում: Տնօրենները խնդիր դրեցին մեր առջև, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ու սկսեն օգտագործել տեղական արտադրության շինանյութ, որն ավելի մատչելի կլինի: Այց կատարեցինք նաև Վանաձոր: Այնտեղ 25 արդյունաբերական ընկերությունների տնօրենների հետ քննարկեցինք այն խնդիրը, թե ինչո՞ւ երբեմնի քիմիական, քաղաքաշինական և մեխանիկական ուղղվածություն ունեցող այդ մարզն այսօր արդյունաբերությունը կառուցում է հանքահումքային ուղղվածության վրա: Վանաձորում դժգոհություններ կան այն մասին, որ ինչո՞ւ Բելառուսից ներմուծել 100-ից ավելի տրակտորներ, եթե հնարավոր է հենց Հայաստանում հավաքել տրակտորները ՝ Չինաստանից ներմուծված ագրեգատների բազայի վրա: Մեկ այլ խոցելի արդյունաբերական կետ է “Քիմպրոմ” գործարանը, որի վերակառուցման համար մեծ գումարներ են ծախսվել, սակայն այն չի գործում: Սա լուրջ հարված է վանաձորցիների համար , որովհետեւ այս գործարանում կարող էր աշխատել շուրջ 1000 մարդ”:

 Անկախ

Tags: , ,