«Քեսաբի թեման պետք է ակտիվ պահել` չտարածելով ապատեղեկատվություն». մեդիափորձագետներ

քեսաբ3Քեսաբի դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը լայն թափ է ստացել մարտի 29-ին «Ինստագրամ» սոցիալական ցանցում և արդեն մարտի 30-ին տեղափոխվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց: Մարտի 29-ին «Ինստագրամում» սկսեց ակտիվանալ Քեսաբի թեման: Այդ ժամանակ այդ ցանցում առկա էր մոտ 4 հազար փոստ Քեսաբի թեմայով, որին զուգահեռ օգտագործվում էր savekessab հեշթագը` մոտ 600 անգամ, կիրառվում էին նաև  Armenian genocide և Genocide  հեշթագերը: Մարտի 30-ի առավոտյան ակտիվությունը փոխանցվեց արդեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, որտեղ սկսեցին բացվել էջեր Քեսաբի պաշտպանության վերաբերյալ և հավաքել լայքեր: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տարոն Պապիկյանը` շեշտելով, որ հիմնական ակտիվությունը նկատվել է Ռուսաստանի երիտասարդության կողմից:

«Ակտիվությունն ավելի մեծ թափ առավ, երբ սկսեցին տարածել տեսանյութեր, որտեղ իբր գնդակահարում են քեսաբահայերին: Այնուհետև տարածվեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Քեսաբի հարցին վերաբերող ստորագրահավաքը, որն այնքան էլ ակտիվորեն չի ստորագրվում, այս պահին կա ընդամենը 18 հազար ստորագրություն: Կարելի է ասել, որ տարածված ապատեղեկատվությունն ունի հուզական բնույթ, քանի որ հիշյալ տեսանյութերը տարածվել են, հիմնականում, 13-20 տարեկան իգական սեռի ներկայացուցիների կողմից»,- նկատեց Տարոն Պապիկյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, խոսելով Քեսաբի դեպքերի առնչությամբ տարածված կեղծ տեղեկատվության մասին, խորհուրդ տվեց հայկական լրատվամիջոցներին խայծը կուլ չտալ ու փորձել մաքսիմալ ճշգրտված ինֆորմացիա տրամադրել հանրությանը:

«Շատ կարևոր է պահել զգոնությունը, երբ թեման այլ երկրների կողմից շահարկվում և օգտագործվում է պաշտոնական մակարդակով: Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Քեսաբում տեղի ունեցածի մասին կա երեք տարբեր պաշտոնական տեղեկատվություն»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ Քեսաբի թեման պետք է ակտիվ պահել`չտարածելով ապատեղեկատվություն:

Tags: ,