«ՍԴ-ն իր որոշմամբ անորոշ իրավաքաղաքական քայլ է կատարել` խնդիրը ուղղորդելով Կառավարություն և ԱԺ». «ԴԵՄ ԵՄ»

դեմ եմՍահմանադրական դատարանը հասարակության մեծամասնության օգտին որոշում է կայացրել, սակայն  պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով փորձում են մոլորեցնել մարդկանց իրենց տարաբնույթ հայտարարություններով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները` հավելելով, որ շարժումը ՍԴ որոշմանն  իր իրավաբանական գնահատականը կտա մի քանի օրվա ընթացքում, երբ իրավաբանների կողմից մանրամասն կքքնվի այն, իսկ մինչ այդ շարժման անդամները հորդորում են քաղաքացիներին որպես հիմք չընդունել որոշ պաշտոնյաների մեկնաբանությունները:

«Մեր շարժումը պայքարում է «պարտադիրի» դեմ առաջին հերթին այն պատճառով, որ այն հակասոցիալական է և հակասահմանադրական: Երբ այն դեռ ՍԴ-ի կողմից հակասահամանադրական չէր ճանաչվել, իշխանություններն ամբողջ ուժով պնդում էին, որ այն շատ լավ օրենք է և հակասահմանադրականության վերաբերյալ մեր փաստարկները ծիծաղելի էին համարում»,- նշեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը` հիշեցնելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո էլ պաշտոնյաները գործում էին նույն մարտավարությամբ:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ այս պահին պայքարն ինֆորմացիոն դաշտում է, քանի որ Հայաստանում ամենաբարձր մակարդակով իշխանության մարմինները իրենց թույլ են տալիս մեկնաբանել ՍԴ որոշումն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

«ՍԴ-ն իր որոշմամբ անորոշ իրավաքաղաքական քայլ է կատարել` խնդիրը ուղղորդելով Կառավարություն և ԱԺ, և այժմ խնդիրը քաղաքացի-կառավարություն հարթության մեջ է, ոչ թե իրավական դաշտում»,- ասաց Հարություն Աղլամազյանը:

Շարժման անդամները նշեցին, որ վերջնական հաղթանակ չի արձանագրվել, և պայքարը շարունակվելու է:

«Մենք շարունակելու ենք պայքարել օրինականության սահմաններում, բայց, մի´ կասկածեք, մեր ֆանտազիան մեծ է, իսկ մեթոդները` շատ: Մեր պայքարը կզգան իրենց վրա նաև այն լրատվամիջոցները, որոնք վեց ամիս շարունակ չէին լուսաբանում ժողովրդի արդարացի բողոքը, իսկ այժմ երկու րոպեանոց ռեպորտաժով ապատեղեկացնում են հանրությանը»,- նշեց շարժման անդամ Վահագն Ավագյանը:

Անդրադառնալով վարչապետի` օրենքը վերամշակելու հարցում իրենց աջակցելու առաջարկին, նախաձեռնության անդաները նշեցին, որ օրենքներ գրելու և մշակելու համար հատուկ մասնագետներ կան, որոնք համալսարաններ են ավարտում:

«Մենք ոչ օրենսդիր ենք, ոչ գործադիր, մենք պարզապես հանրության ձայնն ու պահանջն ենք լսելի դարձնում, մենք օրենք մշակող չենք և անհասկանալի է նման առաջարկի իմաստը»,- ասացին նրանք` հավելելով, որ երկխոսություն կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ որ պահանջը բավարարվի` «պարտադիրը» վերանա:

Tags: