Հակակարկտային կայանները` կռվախնձոր նախարարության ու գյուղացիների միջև

unnamed (2)Շուտով հանրապետությունում կստեղծվի հակակարկտային կայանների գործարկման միասնական համակարգ, որը ռադիոլոկացիոն կայանների շնորհիվ կկառավարվի մեկ կենտրոնից: ԱԻՆ ներկայացուցիչները Շիրակի մարզի համայնքապետների հետ հանդիպում էին հրավիրել այս ծրագրի մասին հայտնելու և համագործակցության հրավիրելու համար:
Շիրակի մարզն այսօր 17 համայնքում ունի 44 հակակարկտային կայան, սակայն չունի ռադիոլոկացիոն և ոչ մի համակարգ:
«Կա կառավարության երկու արձանագրություն` միասնական հակակարկտային կայաններ ստեղծելու մասին: Այս կապակցությամբ մենք եղել ենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Մեր կողմից ստեղծվելու է հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ կլինի շուրջօրյա հերթապահություն: Շիրակի մարզում միակ բանը, որ տխուր է, այն է, որ մենք այստեղ լոկացիոն կայան չունենք: Բայց մինչև տարեվերջ կունենանք ռադիոլոկացիոն կայան», – հանդիպման ժամանակ նշեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
unnamed (1)Ներկաները փոխնախարարից ճշտեցին` ինչ օգուտ է տալու այդ կայանների տեղադրումը, եթե օրինակ` Արմավիրի մարզը, ունենալով դրանք, նախորդ տարի կարկատահարությունից հսկայական վնասներ կրեց: Հ.Մխիթարյանը պարզաբանեց. «Ոչ մի նախարարություն, ոչ մի պետություն դեռ Աստված չէ, չի կարողանալու 100 տոկոսով բնության դեմ կռիվ տալ, պայքարել: Հակակարկտային կայանի էֆեկտիվությունը մինչև 80 տոկոս է, երբ արդեն կարկուտը ձևավորված գալիս է, ոչ մի կայան ոչինչ չի կարող անել: Էնպես չի, որ աշխարհում 100 տոկոսով կարողանում են պայքարել կարկուտի դեմ, մենք` չէ»:
Քանի որ Շիրակը սահմանակից է Թուրքիային, վարելահողերի մի զգալի հատված գտնվում է սահմանային գոտում, որտեղ, ինչպես պարզվեց, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատրությունը թույլ չի տվել կայաններ տեղադրել:
Մեկ հակակարկտային կայանի տարեկան սպասարկումը կազմում է 125 հազար դրամ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան ԱԻ փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այդ ծրագրով չե՞ն ավելանա համայնքների ծախսերը:
«Դրանք նորից մնում են համայնքային սեփականություն, ոչ ոք ձեր ձեռքից չի խլի, պետությունն ընդամենը վերցնում է կառավարումը: ԱԻՆ-ը լրացուցիչ ծախսեր ձեզնից չի պահանջում», – նշեց Հայկարամ Մխիթարյանը:
Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը տվյալ պահին միասնական ծրագրի մասին խոսելն աննպատակահարմար համարեց, քանի դեռ մարզում չկա ռադիոլոկացիոն համակարգ. «Մենք ո՞նց կարող ենք մեր հինգ տարվա փորձը հանել, գնալ մի կասկածելի սպասարկման, ռիսկային գոտի մտնել… Մենք էլ ենք վիզուալ աշխատում ու լավ էլ հասկանում ենք` կարկտաբեր ամպը որն է, անձրևաբերը` որը»,- շարունակեց գյուղապետը:
Հավելենք, որ ծրագրի գործարկման պարագայում, որն ամենայն հավանակությամբ կսկսվի հաջորդ տարվանից, պայմանագրային որևէ կետով գյուղացու բերքի ապահովագրում չի կատարվում:

Tags: