Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների 80 տոկոսը քայքայման եզրին է կանգնած

աթոյան«Ձկնաբուծության լիցենզավորման գործընթացն  սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը,տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը` ընդգծելով, որ այդ գործընթացն  անհամատեղելի է պարենի զարգացմանն ուղղված համաշխարհային կազմակերպությունների վարած քաղաքականության հետ, որոնք նպատակ են հետապնդում աշխարհում հաղթահարել պարենի և գյուղմթերքի սղությունն ու սովը:

« Եթե մենք մատնանշում ենք եվրոպական այլ երկրների փորձը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրանց վերաբերող մնացած կարևոր հանգամանքները, օրինակ, այն, թե նման շքեղությունն իրենց վերապահող երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն, ծովային հաղորդակցության և այլ բացառիկ հնարավորություններ,  նման  բարեփոխումներն  ինչ ժամկետներում են իրակացրել իրենց երկրի տնտեսվարողներին քայքայումից զերծ պահելու համար»:

Աթոյանի հաղորդմամբ`զարգացած երկրներում ձկնարտադրությանը վերաբերող տնտեսական բարեփոխումներն իրականացվել են 16-20 տարիների ընթացքում, պետական աջակցության միջոցով, ինչպես նաև այլընտրանքային առաջարկությունների և տնտեսական փոխհատուցումների առկայության պայմաններում:

«Ձկնարտադրողների միասնության» Հ/Կ նախագահը նշեց, որ տնտեսությունների լիցենզավորումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում , քանի որ այն պահանջում է ձկնարտադրողից մեծ գումարներ վճարել, թանկ տեխնիկա գնել, իրականացնել ծրագրեր, որոնք մեծ նյութական միջոցներ են պահանջում: Ըստ նրա` այդ դեպքում Հայաստանը կունենա նման տնտեսությունների 80 տոկոսի կորուստ:

Նախկինում Հայաստանում գոյություն է ունեցել 234 ձկնարտադրող ընկերություն, որից մինչև 2013 թվականը  77-ը փակվել է: Այժմ մնացել է ընդամենը 170 տնտեսություն: Դրանք ևս մեծ վտանգի առջև են այժմ կանգնած:

«Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումներն իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ, անհասկանալի հայտարարությունների միջոցով, որը լիարժեք տեղատվություն չապահովելու պատճառով հնարավոր չէ իրականացնել, ուստի այդ դեպքում անմիջապես վրա է հասնում դարանակալված վարչական միջամտությունը»,- ասաց Աթոյանը , հավելելով, որ տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ պետք է իրականացնել, և ինչպես պետք է իրակացանել:

Tags: