Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ժամը 22:45-ին պայքարը կսկսի Մադրիդի «Ռեալի» հետ: Կկայանա Եվրոպայի չեպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչի պատասխան խաղը:
Առաջին հանդիպումում արքայական ակումբի ներկայացուցիչներն առավելության են հասել 3:0 հաշվով: Եվ նախորդ մրցաշրջանի այս ստուգատեսի եզրափակչի մասնակից գերմանական ակումբը կարող է դուրս մնալ պայքարից:
Այսօր կարևոր է, թե գերմանական ակումբի կազմում իրեն ինչպես կդրսևորի Մխիթարյանը: Նա շարունակում է չարդարացնել սպասելիքները:
Հանդիպման գլխավոր մրցավարն է Դամիր Սկոմինան (Սլովենիա):
Ի դեպ, գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հյուրերին, ավելի մեծ են համարում մադրիդցիների հաղթելու հնարավորությունները:
Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակի համար սահմանել են 3,20, «Ռեալի» հաղթանակի համար` 2,25 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվել է 3,80 գործակցով:
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հրապարակել է պատասխան խաղի թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Բորուսիա»` Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Միլոշ Յորիչ, Կեւին Գրոսկրոյց, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։
«Ռեալ»` Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

