Խխունջները «գրոհել են» Տավուշի մարզը

1549265_725193590836566_5257177339573039724_nՏավուշի մարզի մի շարք գյուղերում շարունակվում է խխունջների <<դիվերսիոն ներխուժումը>>: Արտասահմանում էլիտար ուտեստ համարվող փափկամարմինները մարզում դարձել են չարիքի պատճառ:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղն այս անգամ ենթարկվել է խխունջների արշավանքի: Գյուղի բնակիչ Ներսես Ադամյանը պատմում է, որ խաղողի դաշտերում անգամ մեկ խխունջ չկա, իսկ ահա տնամերձ հողամասերում փափկամարմինները <<զորքով են>>: <<30 տարուց ավելի է՝ խխունջները կան: Գյուղի եկեղեցու թաղամասում էդ տարիներին Քռից ավազ էին բերել, երևի դրա հետ են եկել: Այդ թաղամասում դասընկեր ունեի, հիշում եմ, երբ գնում էի իրենց տուն, լիքն էին խխունջները>>,-ասում է կարմիրաղբյուրցի Ներսեսը:

Պատյանավոր վնասատուները շատ համառ են, անգամ մեղվի խայթից չեն զգուշանում, բազմանում են հենց փեթակների տակ: Խխունջները բնադրում են բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ` վնասելով նախ սածիլները, ապա բերքը: Բուսակերը վնասում է հատկապես երիտասարդ շիվերը, տերևներն ու պտուղները: Փափկամորթ <<հակառակորդի>> թիրախում են նաև պտղատու ծառերը: Ծառերի ճյուղերին փաթաթված խխունջները հեռվից նայելիս տոնածառի խաղալիք են հիշեցնում:

Վնասատուներով վարակաված է նաև Չինչին գյուղը: Գյուղացիների պայքարի միջոցները 100 տոկոսանոց արդյունք չեն տվել: Խխունջները հավաքում են, աղ լցնում, բայց կրկին պատյանավոր վնասատուները վերակենդանանում են:

Խխունջները մենյուի մեջ ներառել տավուշցիները չեն պատրաստվում: <<Եռման ջուրը լցրել եմ խխունջների վրա, պնդել են, ոնց որ հավի քարաջիկ լինի, չէ, համն էլ էն չի>>,-ասաց գյուղի բնակչուհի Ռիտա Գալստյանը: Իսկ գյուղատնտեսները խխունջների դեմ պայքարի երեք տարբերակ են առաջարկում` ագրոտեխնիկական, մեխանիկական և քիմիական: Մեխանիկականը հավաքելն է:

Տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը հորդորում է վարակված վայրերում լցնել խխունջների համար որպես գրավչանյութ հանդիսացող մետալալդեհիդ: Մեկ հեկտարի համար կպահնաջվի 30 կիլոգրամ: Սպիրտն էլ կարող է ճար ու դարման լինել. ալկոհոլից խխունջները կորցնում են հիշողությունը և մոռանում հետդարձի ճանապարհը:

 

Tags: , ,