Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:
Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:
Ինչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:
Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:
Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:
Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:
Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:
Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:
Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:
Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:
Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:
Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:
Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:
Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:
Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:
Tags: Անդրանիկ Արզումանյան, Գագիկ Մանասյան, օպերա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
