Բեռնար Շալանդ. «Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող»

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր  մարզիչը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Այն ներկայացնումենք ընթերցողների ուշադրությանը:

- Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:  

- Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության  պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան եւ աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է եւ համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը եւ Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք եւ պայմանագիր «Ցյուրիխում»: Ես խոսեցի «Ցյուրիխի»  նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում եւ գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս եւ գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխում» հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:

Այդ ընթացքում մեկնեցի նաեւ Դորտմունդ եւ դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը  ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան եւ տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երեւան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները եւ հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, եւ մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

- Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից եւ կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:

- Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանցից» մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ եւ պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:

- Դուք ունեք նախընտրելի սխեմա՞, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞  ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:

- Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը:  Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում:  Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել եւ հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է եւս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը:

-  Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը: 

- Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջեւ: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, եւ չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, եւ ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:

- Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:

- Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, եւ դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաեւ հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:

- Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:

- Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, եւ ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:

- Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:

- Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ եւ կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով:Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը եւ այդպես շարունակ:

- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

- Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, եւ կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Tags: ,