Հայի ճակատագրի հեգնանքը. հայրենի հողից փախչում են, բայց ամուր կառչում օտարի հողից

haykuhiՀայը Հայաստանում և Հայաստանից դուրս երկու ծայրահեղություն է, թե ինչու` հայտնի չէ:
Երբ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան, մտածեցի, որ շատերի համար գուցե լավագույն տարբերակը կլինի պատմական հայրենիք վերադառնալը. կհաստատվեն Արցախում, կշարունակեն իրենց խաղաղ կյանքը: Բայց, ի զարմանս ինձ, հեռուստաեթերից հնչեց Լաթաքիայում ապաստան գտած հայերի տեսակետը` Քեսաբը մեր հայրենիքն է, ու մենք որևէ տեղ չենք հեռանա: Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբի ազատագրումից հետո անգամ այնտեղ ամեն ինչ ավերված կլինի, հետևաբար մարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել: Նաև հայտնի չէ, թե երբ Քեսաբը կազատագրվի գրոհայիններից, հետևաբար, մարդիկ անորոշ ժամանակով, առանց իրերի, սննդի ու օթևանի, պետք է մնան Լաթաքիայում: Դեռ ավելին, եթե Ասադի ուժերը չկարողանան ազատագրել Քեսաբը, գրոհայինների հաջորդ թիրախը կդառնա Լաթաքիան: Ու նման պայմաններում մարդիկ հրաժարվում են հեռանալուց` հայտարարելով, որ իրենց հայրենիքը դա է: Նախանձելի հայրենասիրության դրսևորում է, բայց, ցավոք, Սիրիայի, ոչ թե Հայաստանի նկատմամբ:
Աստված չանի, եթե նման իրավիճակ Հայաստանում լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Վստահաբար, որքան էլ ծանր լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը, այն համեմատելի չէ արդեն երրորդ տարին քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հետ, ավերակների վերածված երկրի, որը հումանիտար աղետի մեջ է հայտնվել, և դեռ մութ թունելի վերջում լույս չի երևում:
Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է հայը, որ ապրում է Հայաստանում` իր հայրենիքում, երազում օր առաջ փախչել: Ոմանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց մասնագիտությամբ աշխատանքից ու դիրքից հասարակության մեջ, այն փոխել բանվորական ծանր աշխատանքով, միայն թե հեռանան:
Մյուս կողմից` Սիրիայում մարդիկ ոչ միայն զրկվել են տարիներ շարունակ վաստակած ունեցվածքից, այլև ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց կյանքը: Բայց հայերը հեռանալու մտադրություն չունեն, ամուր կառչած են օտար հողին: Ճակատագրի հեգնանք, ուրիշ ոչինչ…
Հայաստանի ու Սփյուռքի հայերի մտածողության տարբերությունները, սակայն, նոր չեն ի հայտ եկել: Ահա ծանոթներիցս մեկի վկայությունը: Անցյալ դարի 70-ականներին, երբ լիբանանյան պատերազմի ժամանակ մի քանի հայ ընտանիքներ կարողացան Հայաստան տեղափոխվել, եկածների թվում էր և 14-ամյա մի պատանի` Մանուկը: Նա ծանր վիրավոր էր: Հիվանդանոցում հայ կանայք սկսում են կշտամբել տղայի մորը, թե էլ ինչ մայր է, որ թույլ է տվել` իր մանկահասակ տղան կռվի մասնակցի ու վիրավորվի: Մայրը, սակայն, հպարտորեն պատասխանել է, որ իր տղան հանուն իր հայրենակիցների է կռվել: «Եթե ամեն մեկն ասի` թող իմ տղան չկռվի, էլ ո՞վ պետք է մեզ պաշտպանի»,- ասել է լիբանանահայ կինը:
Մտածողություն, որ այնքան պետք է Հայաստանում բնակվող հայերիս, սակայն որը չունենք ու չենք ունեցել (չհաշված բացառությունները, որոնց շնորհիվ մինչ օրս մեր երկիրը գոյատևում է):
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու վերաբերմունքը երկրի նկատմամբ մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում: Նախ և առաջ կարևոր է դաստիարակությունը, ապա նաև պետության վերաբերմունքը քաղաքացուն: «Եթե քաղաքացին զգում է, որ իր կարծիքը և ընտրությունը հարգված են, իրեն զգում է ոչ ֆիկտիվ, իրական քաղաքացի, հետևաբար, ստանձնում է պատասխանատվություն իր երկրի նկատմամբ»,- ասում է Ալեքսանյանը:
մնալ-գնալ (1)Խոսելով Հայաստանում տիրող տրամադրվածության մասին` հոգեբանն ասում է, որ այստեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում, չնայած արտաքուստ խաղաղ պայմաններում ենք ապրում: Նրա կարծիքով` այստեղ քաղաքացին իրեն իրականում երկրի քաղաքացի չի զգում, քանի որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, որոշումների կայացման գործընթացում ընդգրկված չէ:
«Հայրենիքի զգացողությունը ձևավորվում է երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է որոշումների կայացման գործընթացներին և տեսնում իր իսկ որոշման արդյունքները, լինի դա լավ, թե վատ»,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ նման պարագայում մարդը պատրաստ կլինի դիմանալ անգամ ծայրահեղ պայմաններին` չլքելով երկիրը, որի նկատմամբ պատասխանատվություն է զգում:
Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու կարծիքն անտեսելու դեպքում մարդը սկսում է իրեն տվյալ երկրի լիարժեք քաղաքացի չզգալ, օտարվում է: Եվ այժմ Հայաստանում ունենք օտարված քաղաքացիների մի հոծ զանգված:
Հոգեբանի կարծիքով` իրավիճակը շտկելի է, միայն թե պետական մոտեցում է հարկավոր. «Եթե անգամ 2-3 որոշում ընդունվի ժողովրդի մասնակցությամբ, դա շատ բան կփոխի»:
Հիմա անդրադառնանք պետական մոտեցմանը. կա՞ արդյոք պետական ընդհանուր քաղաքականություն, թե ինչ քաղաքացի է ուզում ապագայում ունենալ, ըստ որի էլ կկազմակերպվեր վաղվա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Կարծում եմ` ոչ: Վաղվա քաղաքացու տեսլականը չկա, հետևաբար չկա նաև ցանկալի արդյունքին հասնելու ուղին: Սկսած մանկապարտեզից ու դպրոցից` երեխան ստանում է ոչ թե ազգային, այլ բառիս բուն իմաստով` ապազգային կրթություն. ոչ դասագրքերն են բանի պետք, ոչ էլ ուսուցիչների դիրքորոշումը որպես քաղաքացիների (եթե չհաշվենք հատուկենտ բացառությունները, որոնք ընդամենը կաթիլ են մեկ բաժակ ջրում):
Ահա երեխան իբրև թե կրթություն է ստանում, բայց այդպես էլ չի ծանոթանում մեր պատմության փառահեղ էջերին, որոնք կարող էին նրա մեջ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ ծառայել: Դասագիրքն ավելի շատ ժամանակագրության է նման: Պատկերացրեք` նման չոր շարադրանքը մատուցում է ուսուցիչը, որը երազում է օր առաջ լքել այս երկիրը, ուստի ամեն կերպ վատաբանում է այն, դժգոհում, միամիտ անվանում երեխային, որը գուցե հայտարարում է, որ բանակում լավ զինվոր կլինի, հետո էլ լավ քաղաքացի (ինքս մեկ անգամ չէ, որ դպրոցում նման իրավիճակների եմ հանդիպել): Ստացվում է, որ այսօրվա օտարացած սերունդը դաստիարակում է վաղվա առավել օտարացած քաղաքացիների` հույսի նշույլ չթողնելով հայրենասիրության ու հայրենանվիրության համար:
Իրավիճակը կարելի է շտկել միայն պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով` ըստ նախապես մշակված գործողությունների պլանի:
Հստակ է, որ քաղաքացու կարծիքը պետք է լսել ու նրան մասնակից դարձնել որոշումների կայացմանը, ինչպես ժողովրդավարությունն է ենթադրում: Բացի այդ, դպրոցական դասագրքերը չպետք է տաղտուկ ժամանակագրության նմանվեն. երեխան դեռ վերլուծական մտածողություն չունի, հարկավոր է մատչելի շարադրանքով մեկնաբանել, թե՛ մեր անցած ուղին, թե՛ թույլ տված սխալները` մատնանշելով դրանցից խուսափելու եղանակները: Երրորդ` հարկ է դեռ մանկապարտեզի հասակից երեխայի մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի պետական խորհրդանիշները` դրոշը, գերբը, օրհներգը: Ունենք, չէ՞, բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ ուսումնական հաստատություններում օրը սկսվում է դպրոցի բակում հոտնկայս հիմնը երգելով ու դրոշի առջև խոնարհումով: Նույնը հարկավոր է և մեզ մոտ կիրառել:
մնալ-գնալ (2)Բացի այդ, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Մինչդեռ ներկայիս մատաղ սերունդն իր բակից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ուստի հարկ է ԿԳՆ նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ տարվա մեջ գոնե 2 անգամ էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Հայաստանի պատմական վայրեր, որի ընթացքում բանիմաց զբոսավարը կներկայացնի տվյալ վայրի, հուշարձանի ողջ պատմությունը: Կարևոր է նաև, որ մարզերի երեխաները հնարավորություն ունենան պարբերաբար պատմության, գրականության դասերը թանգարաններում անցնելու, որտեղ տեսածն ու լսածը շատ ավելի լավ կամրապնդվի երեխայի գիտակցությունում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցողներ կան: Մնում է, որ պետական մակարդակով կամք դրսևորվի ու քայլեր ձեռնարկվեն վերոնշյալը և դեռ ավելին կյանքի կոչելու համար:

Tags: , , , , ,