ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ

կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան - Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են.
Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:
Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան - Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան - Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից:

Tags: ,