Զատիկ. ինչպես կարելի է ներկել ձուն

ձուԱվանդության համաձայն` Մարիամ Մագթաղինացին ձու է մեկնել կայսր Տիբերիոսին` «Աստված հարություն առավ» խոսքով: Կայսրը կասկածամտությամբ է լսել այդ արտահայտությունն ու հայտարարել, թե ավելի շուտ այդ ձուն կարմիր գույն կներկվի, քան թե կկատարվի Մարիամի խոսքը: Այդ պահին ձուն ներկվել է կարմիր ու հենց այդտեղից է սկիզբ առել ձուն կարմիր ներկելու ավանդույթը:
Ձու ներկելու ամենատարածված ու ավանդական մեթոդը սոխի կեղևով ներկելն է: Սակայն եթե ժամանակին այդչափ կեղև չեք հավաքել, ապա կարելի է այլ միջոցների դիմել: Լավ ներկանյութ է բազուկի հյութը և սոխի կեղևի նման` որքան շատ է դրա քանակը, այնքան վառ գույն է ստացվում: Դրա համար հարկավոր է բազուկը լվանալ, մանրացնել ապա ձվի հետ եփել. ստացվում է վարդագույնից մինչև մուգ կարմիր երանգ:
Ձուն հաճելի կանաչ գույն կստանա եղինջով եփելու արդյունքում: Կապույտ գույն կստացվի կարկադեով եփելու պարագայում: Սև թեյով եփելու արդյունքում կունենաք կարմիր ձվեր, որոնք գույնով գրեթե չեն տարբերվում սոխով ներկածներից: Ի վերջո, ձու կարելի է ներկել կանաչ բրիլյանտինով: Դրա համար հարկավոր է արդեն պինդ խաշած ձվերը դնել մի քանի կաթիլ «զելյոնկա» լցրած ջրի մեջ, սակայն, ձուն այդ լուծույթի մեջ երկար թողնել չի կարելի:

Tags: ,