ՀՀ փոխվարչապետը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին

226ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին: Հանդիպման նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Նիստի ընթացում ՀՀ փոխվարչապետը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:

Այցի շրջանակում փոխվարչապետը նույն օրը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եւ մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս ՍիդեԲակայի (Luis CdeBaca) հետ:

Զրուցակիցները քննարկեցին թարֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող օժանդակության համար: Նա վերահաստատեց երեւույթի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:

Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին եւ այս ոլորտում կարեւորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի`Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ: Նա նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում պետությունը գործընկեր է համարում նաեւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են նաեւ իր ղեկավարած խորհրդի կազմում:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին` նշելով, որ արդեն տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն պայքարում է այդ երեւույթի դեմ: Իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական կենսունակ համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության Ազգային ուղղորդման կարգը:

ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է նաեւ “Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը”, որը մշակելիս հաշվի են առնվել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի եւ Հայաստանի կողմից ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ առաջին զեկույցի առաջարկները:

Արձանագրելով, որ կան տեսանելի արդյունքներ` փոխվարչապետը միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված`հաշվի առնելով նաեւ թրաֆիքինգի երեւույթի փոփոխական բնույթը եւ տարիների ընթացքում ի հայտ եկող նոր մարտահրավերները: Կարեւորելով թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցությունը` նա միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմը ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստված համապատասխան զեկույցներում իրավիճակի օբյեկտիվ արտացոլում եւ գնահատական է ակնկալում:

Լուիս ՍիդեԲական իր հերթին Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ համարեց` դրական գնահատելով երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները եւ վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում եւ հատկապես բարձր է գնահատում առաջընթացի դինամիկան:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի (Anthony Lake) հետ էր: Կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին եւ քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 1994 թվականից գործող կազմակերպության գրասենյակն իր զգալի ներդրումն է ունեցել երեխաների ամենատարբեր խնդիրները լուծելու գործում: Նա հատկապես կարեւորեց կրթության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների զարգացման բանգավառում համատեղ աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորպես ընդգծեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձեւավորված արդյունավետ գործակցությունը:

Ա. Գեւորգյանը նաեւ ողջունելի համարեց, որ 2010-2015թթ. իրականացվող ծրագրում որպես առաջնայնություն են նշվել ՀՀ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում նախանշված ոլորտները, ինչը հնարավորություն է ընձեռում համատեղ ջանքերով լուծել առկա խնդիրները:

Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը` փոխվարչապետը հույս հայտնեց, որ այդ միտումները կշարունակեն:

Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ համարեց Հայաստանում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը եւ աջակացել Հայաստանի կառավարությանը` ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի (Babatunde Osotimehin) հետ հանդիպմանը փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ մարդահամարի արդյունքների մշակման աշխատանքները դեռեւս շարունակվում են:

Կողմերը կարեւորեցին ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները` արձանագրելով, որ դրանց առկայությունը նպաստում է առավել արդյունավետ եւ հասցեական ծրագերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հետագա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նյու Յորքում ավարտելով հանդիպումները` փոխվարչապետը վերադարձավ Երեւան:

Tags: