Ոստիկանության տոնը՝ մեկ օր շուտ

26 011Գյումրիում նշվեց ոստիկանի օրը: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որի ժամանակ մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին մեդալներով, վկայագրերով, դրամական խրախուսանքով:
96-ամյա ուժային կառույցի գործունեությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետությունից. ստեղծվում է ներքին գործերի նախարարություն և առաջին նախարար է դառնում Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Սարդարպատի ճակատամարտի կազմակերպիչ, Երևանի նահանգապետ Արամ Մանուկյանը՝ 1918թ.: Համակարգն իր զարգացման փուլերն անցել է խորհրդային ժամանակներում և արդեն Հայաստանի երրորդ Հանրապետությունում ու դեռ շարունակում է:
Իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի ոստիկաններին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ոստիկանությունն, իսկապես, փառապանծ ուղի է անցել: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ միլիցիայի աշխատակիցներն իրենց մեծ գործն արել են: Եկան Հայաստանի համար դժվարին տարիներ, Արցախյան գոյամարտ, սահմանների պաշտպանության հարցում ոստիկանության դերն անուրանալի էր: Այն, որ ոստիկանության շատ աշխատակիցներ ընդգրկվեցին կամավորական ջոկատներում և իրենց պարտքը կատարեցին, դա փաստ է: Շատերը նաև դարձան զոհեր: Այսօր էլ ոստիկանությունը կանգնած է իրավակարգի պահպանության առաջին շարքերում»:
Տոնի կապակցությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին և խրախուսվեցին կատարած աշխատանքի համար: Շիրակի մարզպետի կողմից մարզային ոստիկանությունը նվեր ստացավ հեռուստացույց, իսկ մարզի մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին:
Ոստիկաններին շնորհավորեց և պարգևատրեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բարձր գնահատեց քաղաքապետարանի և ոստիկանության համատեղ աշխատանքը:
26 019Ոստիկանության անցած ճանապարհի, ձեռքբերումների և բացթողումների մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը կաևորեց. «Նախ շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին՝ 96-ամյակի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, անամպ երկինք: Ցանկանում եմ աշխատանքի մեջ արդյունավետություն այն առումով, որ եթե կկատարվեն հանցագործություններ, այն աստիճան ունակ և պատրաստակամ լինեն ոստիկանության գործիչները, որ շատ շուտ բացահայտեն: Շատ լավ կլինի, որպեսզի կանխարգելվեն բոլոր հանցագործությունները, բացասական երևույթները»: Վարդան Նադարյանը նշեց, թե իրենք սովետական միլիցիայի հետնորդներն են ու պետք է վերցնեն, զարգացնեն բոլոր դրական երևույթները, և ավելի կատարելագործելով աշխատանքային ընդունակությունները՝ նախատեսված ծառայությունները մատուցել ժողովրդին:
Ինչ վերաբերում է ոստիկան-ժողովուրդ հարաբերություններին, փոխվստահության մթնոլորտին, ոստիկանության գնդապետը նկատեց. «Շատ ուրախալի փաստ պիտի ասեմ, որ այսօր ծամը 9-10-ի սահմաններում, 4-5 քաղաքացիներ եկել էին ոստիկանության մարզային վարչություն և շնորհավորում էին: Ես դա դիտում եմ որպես ժողովրդի կողմից ունեցած վստահության վերականգնում: Բազմիցս, թե ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, թե ես՝ իմ ելույթներում, աշխատանքային հրահանգներում շեշտը դնում ենք մաքսիմալ վստահության արժանանալու վրա: Դրան կարող ենք հասնել միայն մեր անաչառ, թափանցիկ աշխատանքով»: Գնդապետ Նադարյանը նաև ասում է՝ Շիրակի մարզը ոչ մի բարդություն իրեն մեջ չի պարունակում, միայն ժողովուրդն է շատ ավելի պատվախնդիր, քան մյուս վայրերում, արդարության շատ ավելի մեծ ակնկալիք ունի:
Ըստ Նադարյանի, ոստիկանությունն այսօր բազմաթիվ բացթողումներ ունի. «Բացթողումը մարդն է, կադրերն են որոշում ամեն ինչ. օրենքը հստակ է, կիրառումը հստակ է, գործառույթը հստակ է, կատարողն է պետք: Բացթողումը հետևյալն է, պիտի ման գանք, գտնեն, խրախուսենք, առաջխաղացման ներկայացնենք մարդկանց, որոնք համապատասխանում են ոստիկանի բարձր կոչմանը»:
Տոնական միջոցառումները շարունակվեցին մասնագիտական երգ ու պարով:

 

Tags: