Ղարաբաղյան հարց. Իրանին ապակողմնորոշելու Ադրբեջանի փորձերը կարծես թե չեն հաջողվում

armenia-karabakh-azernaijanԱդրբեջանի համար շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում ունի Իրանն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Անկասկած, մեզ հետաքրքրում է, թե Իրանի դիրքորոշումն ինչպիսին է, կա արդյոք փոփոխություն:

Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի հետ, համատեղ ուժերով պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Թեհրանը լրջորեն  տրամադրված է, որպեսզի համագործակցի Բաքվի հետ: Դրա վառ վկայությունն է այն, որ Ադրբեջանի նախագահն օրերս Իրան կատարած այցի ժամանակ ընդունվել էր անձամբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից: Մինչդեռ, նա  ընդունելություն է կազմակերպում  Թեհրան այցելած ոչ բոլոր երկրների նախագահների պատվին: Այս հանդիումը  մի նոր գլուխ է իրանաադրբեջանական հարաբերություններում:

Համաձայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի, Իրանի հոգևոր առաջնորդը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Իրանը կաջակցի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքով: Հակառակ դրան, Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքում խոսք անգամ չի նշվել ղարաբաղյան թեմայով: Ալի Խամենեի մամուլի հաղորդագրությունում շեշտը դրված է  Բաքվի համար շատ ցավոտ համարվող խնդրի վրա:  Խամենեն նշել է, որ որոշ ուժեր, այդ թվում սիոնիստական վարչակարգը, դժգոհ են իրանաադրբեջանական ամուր կապերից և մշտապես փորձում են խոչընդոտել դրանց ամրապնդմանը, սակայն լուրջ մոտեցումն  ու քաղաքական կամքը հաղթահարում են այդ արգելքները:

Այս մասին խոսվել է նաև երկու տարի առաջ, երբ Ադրբեջանը, անտեսելով Իրանի հարևանության փաստը, Իսրայելի հետ ստորագրեց իր պատմության ընթացքում ամենամեծ ռազմատեխնիկական գործարքը, որի արժեքը կազմում էր 1,6 մլրդ. դոլար: Իլհամ Ալիևի «քաղաքական կամքի» ուղղվածությունը մինչև օրս արմատական փոփոխություններ չի կրել: Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական համագործակցությունը Իրանի թշնամիների հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, խոսելով տարածաշրջանային հակամարտությունների մասին, մասնավորապես ասել էր, որ Իրանը կկենտրոնացնի իր ուժերը տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտությունը`միջազգային նորմերի շրջանակներում: Ըստ նրա` տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխություններն  անընդունելի են, և գոյություն ունեցող տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ և քաղաքական ճանապարհով: Իրանի նախագահը հայտնել էր նաև, որ խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, իսկ ՆԱՏՕ-ն այս խնդրում միակողմանի օգնել Բաքվին չի կարող:  Բաքուն չունի նույնիսկ ամենափոքր հնարավորությունը Թեհրանի դիրքորոշումը փոխելու համար, առավելևս իրանցիներին իր կողմը ներգրավելու, որպեսզի Իրանն աջակցի ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործում:

Վերջին երկու տասնամյակներում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում  բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Չնայած մի շարք պատմական, մշակութային և կրոնական ընդհանրությունների, այս հարաբերությունները  բարեկամական կոչել ոչ մի կերպ հնարավոր չէ: Բաքուն և Թեհրանը հաճախ են հակամարտել, միմյանց դեմ բողոքներ ներկայացրել, դիմել քաղաքական բողոքի ցույցերի: Փոխադարձ անվստահության պայմաններում  մշտապես զգացվել է բացահայտ աշխարհաքաղաքական համատեքստ:  Ի տարբերություն Իրանի` Ադրբեջան մշտապես  ցանկանում է  մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:

 

Արմինե Բեգլարյան

Անկախ

Tags: , ,