«Քոչարյանական «զրո» տասնամյակից գահավիժել ենք ոչինչների ու ոչնչությունների տասնամյակ». Տիգրան Խզմալյան

xzmalyan

Անկախ-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

- Պարոն Խզմալյան, նշանակելով նոր վարչապետ, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, բացի գործադիրի ղեկավարի խնդիր լուծելուց, քաղաքակա՞ն  ինչ խնդիր լուծեցին:

 

- Միակ հարցը, որը լուծում է Սարգսյան Սերժը Հայաստանում` դա իր անձնական ունեցվածքի եւ այն երաշխավորող անձնական իշխանության հարցն է: Բոլոր այլ հարցերը նա փոխանցել է այլ պետություններին եւ դրանց հատուկ ծառայություններին: Նա չի էլ փորձում լուծել հայ ժողովրդի տնտեսական զարգացման, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական, պարենային, գաղափարական ոլորտների որեւե հիմնախնդիր: Անվտանգության ապահովումը նա պատկերացնում է որպես պետության այս հիմնական գործառույթի փոխանցում օտար պետությանը: Սա ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքակրթական քաղքենիություն, մեր դասականի խոսքով ասած` մեծապատիվ մուրացկանություն, որի պատանդը դարձանք մենք բոլորս:

 

- Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարո՞ւմ եք որոշակի հաղթանակ քաղաքական դաշտում:

 - Տիգրան Սարգսյանի ե՛ւ նշանակումը, ե՛ւ հրաժարականը համարում եմ մեր հասարակության քաղաքական պարտություն: Հիշենք` նա նշանակվեց 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո եւ ազատվեց վեցամյա տնտեսական ու քաղաքական լճացման ու անկման պայմաններում: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը հանրության շահերի կամ հասարակական համաձայնության հետեւանքը չեն եղել, երկուսն էլ ստորգետնյա մեքենայությունների ու մանր գործարքների արդյունք են:

 

- Ի՞նչ փոխվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ընդդիմադիր դաշտում և իշխանական համակարգում:

 - Ոչինչ: Նրա հիմնական առաքելությունը հենց դա է` ոչինչ չփոխել, ոչինչ չանել, ոչինչ չասել, քանի որ նման ցանկացած փորձ կբերի էլ ավելի ծանր հետեւանքների: “Ոչինչը” պահպանելու համար ահնրաժեշտ է հենց այսպիսի գործիչ, կամ ավելի ճիշտ “չգործիչ”: Քոչարյանական “զրո” տասնամյակից մենք գահավիժել ենք “ոչինչների ու ոչնչությունների” տասնամյակ: Մինչդեռ աշխարհում հզոր ու ահեղ իրադարձություններ են ծավալվում, նոր ու մահացու մարտահրավերներ են խոյանում, որոնց պատասխանը Երեւանում “ոչինչ” է: Ահավասիկ` սիրիահայության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունները:

 

- Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի տարբերություններն ու նմանությունները, ըստ Ձեզ, որո՞նք են:

-Հին հունական ու հռոմեական թվաբանության համեմատ փյունիկացիները, իսկ հետո արաբները կիրառման մեջ մտցրեցին “զրո” գաղափարը, որը հեղափոխեց մաթեմատիկական հաշվարկների արդյունավետությունը: Արաբական “ալ-զըհըր” բառը դարձավ զրո, zero եւ անգամ գերմաներենից անցավ ռուսերեն որպես “цифра”: Ահա մոտավորապես էլ այսպիսին է տարբերությունը Ձեր նշված երեւույթներում` զրոյից դեպի “մինուս” մաթեմատիկական սանդղակով:

 

- Նոր վարչապետի պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանին, և հանրությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:

-Սպասելու ժամանակ այլեւս չի մնացել: Հանրության միակ ակնկալիքը կամ ավելի ճիշտ անելիքը պետք է լինի երկրի ազատագրումը զավթիչ գաղութային լծից եւ նրա խոշոր ումանր սպասավոր-մատուցողներից:

 

Անկախ

Tags: , , , ,