Վերջերս ոսկյա պարագաների վաճառքի և իրացման կետերում բավական հաճախակիացել են ստուգումները: Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանձնարարել էր համալիր ստուգումներ իրականացնել «Վաղարշ և որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայում: Վարչապետը ստուգման անհրաժեշտությունը պայմանավորել էր կառավարության շենքի առջև Երևանի ոսկու շուկայի աշխատողների դժգոհությամբ: Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել: Իսկ դժգոհությունները կապված էին Էկոնոմիկայի նախարարության շուկայի և վերահսկողության տեսչության՝ ոսկու շուկայի ձեռնարկատերերին նշանակած չհիմնավորված բարձր տուգանքների հետ:
Նախորդ տարվա նոյեմբերի 25-26-ի ստուգումների արդյունքում ոսկու շուկայի աշխատողները տուգանվել են 1-2 մլն դրամի չափով (մեկ միավոր ոսկու համար` 50 հազար դրամ): Տեսուչները, որպես տուգանքի հիմք, մատնանշել են այն փաստը, որ ոսկեղենի որոշ նմուշների վրա, օրինակ` հարգի 8 թիվը լավ չի դրոշմված և այլ թվի է նման կամ էլ, օրինակ` հարգադրոշմի տարբերանշան ընտրված «Սասունցի Դավիթ» արձանի պատկերը նույնպես ոսկու որոշ նմուշների վրա լավ չի դրոշմված: Այս բողոքները ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել են կառավարության մոտ ցույցի եկած ոսկերիչները:
Խնդիրն այն է, որ պետությունը կարգադրում է բոլոր ոսկերիչներին աշխատել միայն օրենքի շրջանակներում և ոսկյա պարագաները իրացնել միայն համապատասխան հարգադրոշման պարագայում, ինչը մի շարք ոսկերիչների շրջանում բացակայում է: Այսինքն` պիտակի վրա պարտադիր պետք է փակցված լինեն հարգադրոշողի մասին տվյալներ, որպեսզի խախտումներ արձանագրվելու դեպքում տուգանք կրողը լինի համապատասխան մարմինը:
Այսօր ոսկյա պարագաների վաճառքի կազմակերպման կետերում շատ են նման խախտումներ արձանագրվում, նման խնդիր իրոք կա, ուստի տեսչությունը նախապես զգուշացնում է տնտեսվարողներին իրենց այցելությունների վերաբերյալ` ժամանակ տալով նրանց վերացնեուլ առկա խախտումները: Տնտեսվարողների շրջանում էլ դժվար է օրենքի այս պարտադիր պահանջը կիրառելը, քանի որ դա հավելյալ գումար է պահանջում նրանցից յուրաքանչյուր ձուլակտորը հարգադրոշմելու դիմաց:
Նշենք, որ ոսկյա իրերի վաճառքի բնագավառում ներգրավված են նաև շատ սիրիահայեր: Նրանց նույնպես զայրացրել է այն հանգամանքը, որ տուգանքներն ու վերահսկողությունը կաշկանդում է իրենց աշխատանքը և սահմանափակում գործառույթները: Այն սիրիահայերը, որոնք հիմնականում ներգրավված են ոսկյա իրերի վաճառքի ոլորտում, տարեվերջին տեսչության ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցան` բարձրացնելով իրենց անհանգստացնող խնդիրները: Նրանք տեսչության ղեկավար Լևոն Խալիկյանին ասացին, որ իրենց համար ժամանակային առումով խնդիր են պարտադիր հարգադրոշմման ապահովումը և համապատասխան թերությունների վերացումը։ Նրանց խորհուրդ տրվեց մանրակրկիտ ուսումնասիրել թանկարժեք մետաղների մասին օրենքը։
Կառավարության կողմից հաստատվել են նաև հատուկ ստուգաթերթեր, որոնցում հստակ նշված են բոլոր պահանջները։Սիրիահայերին հիշեցրին, որ ՀՀ–ում արգելվում է վաճառել այնպիսի ոսկյա պարագաներ և ձուլակտորներ, որոնցում բացակայում են տարբերանիշերը կամ հարգադրոշմները։ Սակայն հաշվի առնելով սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրը` տեսչությունը որոշեց առաջիկա քննարկումների արդյունքում ժամանակային առումով ընդառաջ գնալ նրանց և ժամանակ տալ վերացնելու առկա բոլոր թերությունները։
Ոլորտում առք ու վաճառքով զբաղված տնտեսվարող սուբյեկտներին տեղյակ է պահվել, թե ինչ է օրենքն իրենցից պահանջում, և բաժանվել են օրենքների թղթային և էլեկտրոնային տարբերակները։ Խորհրդատվությունը մասնագետների հետ նրանց հնարավորություն է տալիս շտկելու առկա սխալները։ Արդեն կայացած երեք ստուգումների արդյունքում, ըստ Խալիկյանի, շուրջ 25 մլն դրամի տուգանք է սահմանվել համապատասխան կնիքի բացակայության պատճառով։ Այս պարտադիր օրենքի պահանջը, տեսչության պետի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս բացահայտելու խախտման աղբյուրը։ Նա հայտնել է նաև, որ տնտեսվարողների շրջանում զգոնությունը բարձրացնելու նպատակով հատկապես ոսկու շուկայում ստուգումները կդառնան պարբերական:
Լ.Ն
