«Մի կողմից խոսում ենք հազարամյակների պատմության մասին, մյուս կողմից մեր ժառանգությունը քանդում ենք, որ բիզնեսով զբաղվենք». Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Մեր պատկերացումն էկոլոգիայի մասին թերի է, էկոլոգիայի մասին խոսելիս` մենք միայն շրջակա միջավայրի աղտոտվածության մասին ենք խոսում, իրականում եվրոպական կոնվենցիաներում ոչ միայն բնության հուշարձանների պաշտպանության խնդիր է դրվում, այլև մշակութային ժառանգության պահպանության: Զարմանալի չէ, որ բնության պահպանվող հատուկ տարածքների մեջ մտնում են նաև եկեղեցիները, հուշարձանները, խաչքարերը: Բնության և մշակույթի հուշարձանները մեկը մյուսին լրացնում են»,-հուշարձանների պահպանության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Միջազգային կամակերպությունների կողմից անցկացված հարցումների արդյունքում զբոսաշրջիկները նույն պատախանն են տվել, որ մեր բնության ժառանգությունը, պատմամշակութային ժառանգությունը հրաշալի են, սակայն ամբողջությամբ աղբի մեջ են:

«Իսկ մեր մշակութային ժառանգության վայրերը մարդիկ ընկալում են որպես խնջույքի վայրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեծ մասը կազմում են քաղաքների կենտրոնները` որպես պատմական ժառանգություն, իսկ մենք Երևանի պատմական կենտրոնն ուղղակի ջնջում ենք: Մենք մի կողմից խոսում ենք հազարամյակների պատմության մասին, մյուս կողմից մեր ժառանգությունը քանդում ենք, որ բիզնեսով զբաղվենք»,- ասաց Կարինե Դանիելյանը:

«Հայոց թանգարան» նախաձեռնության անդամ Աղվան Ասոյանն էլ նշեց, որ նախաձեռնությունը գիտահետազոտական արշավ է սկսել, որը պետք է լուսաբանի և ուսումնասիրի հայկական թանգարաններն ու հուշարձանները, որոնք դուրս են մնացել հասարակության ուշադրությունից:

«Վերջերս մենք եղանք Առինջ գյուղի գերեզմանատանը կից 14-15-րդ դարերի խաչքարերի տարածքում, որտեղ իսկական աղբակույտ էր, խաչքարերն անմխիթար վիճակում էին: Եղել ենք նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակների տարածքում, որը ևս անմխիթար վիճակում էր, ամբողջովին խոտածածկ»,- ասաց Աղվան Ասոյանը` նկատելով, որ խորհրդային միության տարիներին մեր խաչքարերն ավելի լավ են պահպանվել, քան հիմա:

Tags: