Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար

Sevan-4Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են  ակտիվիստները` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդեն այս ամսին բողոքի ակցիաներ տեղի կունենան Ազգային ժողովի դիմաց:

Նշենք, որ Սևանա լճից ամեն տարի բաց է թողնվում 170 միլիոն խորանարդ մետր ջուր,  սակայն նախկին վարչապետի որոշման համաձայն` այն կաճի մինչև  240մլն խորանարդ մետր: «Տիգրան Սարգսյանը գնալուց առաջ հանրությանը «նվեր» մատուցեց`ստորագրելով Սևանա լճի մասին երկու շատ վտանգավոր որոշում` մեկը` Սևանից լրացուցիչ 70  միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բացթողնելու, մյուսը` ձկնաբուծության համալիր զարգացման վերաբերյալ: Երկու դեպքում էլ Սևանա լիճը կանգնած է ռիսկերի առաջ» , -ասել է  «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Սևանա լճին առնչվող այդ երկու որոշումների դեմ բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն միացել է 800 քաղաքացի: Գեղարքունիքի մարզի բնակիչներն էլ ապրիլի 25-ին Սևանում ակցիա կանցկացնեն ի պաշտպանություն Սևանա լճի: «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանի կարծում  է, որ մարդիկ թեև անընդհատ լսում են Սևանի կարևորության և խնդիրների մասին , սակայն այդպես էլ չեն հասկանում դրա իրական նշանակությունը. «Մարդիկ անընդհատ լսում են, թե Սևանն ինչ կարևոր, ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար,  բայց չեն պատկերացնում դա: Ամբողջ աշխարհում  ջուրը  հարստություն է համարվում: Խնդիրն այն է, որ Սևանից բացի  ուրիշ հարստություն մենք չունենք, հանքերի պաշարները շուտով սպառվելու են, և Սևանն  իր  քաղցրահամ խմելու ջրով մեծ հարստություն է: Լեռնային սառնորակ աղբյուրների հիմքը Սևանի ջուրն է, եթե այն չորացնենք, այդ աղբյուրներից էլ կզրկվենք»:

Tags: