Ինչ պատրաստել Սուրբ Հարության տոնին

ձու«Երբ մարմինը զորանում է, տկարանում է հոգին, երբ հոգին է զորանում՝ մարմինն է տկարանում: Այդ շրջանում շատ կարևոր է, որ մենք ավելի հաճախ աղոթենք, հատկապես զղջողական աղոթքներ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց Մեծ Պահքի նշանակությունը Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Ըստ նրա` այդ շրջանում մարդը ոչ միայն մտերմանում է Աստծո հետ հոգևոր կապով , այլև ազատվում մարմնական հիվանդություններից:

Հանդիպմանը ներկա «Հայ խոհարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց` Հայաստանի բնությունը, որ շատ հարուստ է ուտելի բույսերով, թույլ է տալիս Մեծ Պահքի ամբողջ շրջանում չօգտագործել մսեղեն: Նա թվարկեց նաև այն ուտեստները, որոնք հատուկ են հայկական ավանդական սեղանին Սուրբ Հարության տոնին: « Զատկի սեղանին դրվում են ձկնեղեն, գինի, քաշովիներ, բուսական կերակուրներ, ներկած ձու»,-ասաց նա:

Վերջինի հետ կապված Տեր Զգոնը ընդգծեց, որ այն անպայման պետք է լինի միայն կարմիր, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` մարդկության մեղքերի համար թափած արյունը: Քահանան նաև շեշտեց, որ սեղանին պարտադրր պետք է լինի չամիչով փլավ, որ խորհրդանշում է քրիստոնյաներին և հավատի համար նահատակված սրբերին: Նա նշեց, որ անպայման չէ ձուն եփել հինգշաբթի, ինչը տարածված երևույթ է հայկական ընտանիքներում. «Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջ»

Tags: