Երևանում բացվել է զարգացման և ավազով նկարչության «Ավազե ամրոց» կենտրոնը

 «Ավազե ամրոց» կենտրոնԵրևանում բացվել է  զարգացման և ավազով նկարչության «Ավազե ամրոց» կենտրոնը, որի գործունեության հիմնական նպատակը անձի ներդաշնակ զարգացումն է ստեղծագործական մթնոլորտում:

Գաղտնիք չէ, թե որքան հաճույքով են երեխաները խաղում ավազով` դաջելով իրենց ձեռքերի հետքերը, փորելով փոսեր, թխելով կարկանդակներ, կառուցելով ամրոցներ, ամբողջական քաղաքներ և այլն: Ավազը բնական նյութ է, որը զարգացնում է մանր մոտորիկան և ակտիվացնում գլխուղեղի աշխատանքը։ Այն ունի մագնիսական ուժ և իրականացնում է հզոր ռելաքսացիոն ֆունկցիա։ Ավազով խաղի օգտակար դերն էլ ավելի ընդգծվեց, երբ 20-րդ դարի սկզբին բացահայտվեց դրա դրական ազդեցությունը և կիրառման հնարավորությունները հոգեբանության ոլորտում`զարկ տալով ավազաթերապիայի զարգացմանը:

«Ավազե ամրոց» կենտրոնԱվազանկարչությունն իր հերթին առաջացել է մի քանի տասնյակ տարի առաջ Արևմուտքում, ապա, տարածվելով աշխարհով մեկ, ներկայումս հանդիսանում է արվեստի կարևոր ճյուղերից մեկը:

Ավազանկարչության և ավազով հոգեբանական աշխատանքի համադրությունը իր տեսակի մեջ եզակի և յուրահատուկ համադրություն է, որը ենթադրում է միաժամանակ մի քանի ոլորտների ակտիվացում և զարգացում:

Հենց այս ամենից ելնելով էլ բացվել է «Ավազե ամրոց»  կենտրոնը, որը նախատեսված է ինչպես առողջ, այնպես էլ հատուկ կարիքներ ունեցող երեխաների, նրանց ծնողների և մեծահասակների համար։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց հոգեբան Կարինե Հարությունյանը, կենտրոնի  ծրագրերը մշակված են Հայաստանում և  ադապտացված են հայ երեխաների համար: «Մեր հիմնական նպատակը անձի` տարիքին համապատասխան բնականոն զարգացումն է ներդաշնակ և անկաշկանդ մթնոլորտում: Հետևաբար «Ավազե ամրոցը»  իր տեսակի մեջ յուրահատուկ հաստատություն է` արվեստի շնչով ողողված մի վայր, որտեղ ամեն մեկն ունի անձնային որակների և հմտությունների իր ուրույն պաշարը: Մեր առաքելությունը անձի ներդաշնակ զարգացման  համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, որտեղ ընդգծվում է յուրաքանչյուրի  անկրկնելիությունը, ինքնատիպությունն ու ստեղծագործական պոտենցիալը», – մեզ հետ զրույցում նշեց Կարինե Հարությունյանը:

Կենտրոնում իրականացվում են տարբեր ծրագրեր: Մասնավորապես, ավազով զարգացնող աշխատանքներն իրականացվում են փոքր խմբերով (առավելագույնը 6 մասնակից), որոնցում կարող են ընդգրկվել երեխաներ` սկսած 1,5 տարեկանից: Խմբերը կազմվում են ըստ երեխաների տարիքի, ընդ որում յուրաքանչյուր տարիքային խմբի ծրագիր ունի իր նպատակները: Օրինակ, եթե նախադպրոցական տարիքում գլխավորապես շեշտը դրվում է երեխայի մոտորիկայի, խոսքի և ստեղծագործականության զարգացման վրա, դեռահասների մոտ կարևորվում է շփման և հաղորդակցման  հմտությունների զարգացումը, ինքնաներկայացման հմտությունները, հուզական լիցքաթափումը և այլն: Այնուամենայնիվ, ավազով աշխատանքը օգտակար և արդյունավետ է թե մանուկների, թե մեծահասակների համար:

Ավազանկարչության և նկարչական ծրագրերում ուսուցումն իրականացնում է այդ ոլորտում բազմամյա փորձ ունեցող նկարիչը : Ավազից բացի երեխաները կարող են աշխատել նաև խմորով, գուաշով, կավով,բնական նյութերով և գունավոր ավազով, ինչն իր հերթին ևս ստեղծագործականության և մտքի ճկունության զարգացման կարևոր նախապայման է:

Կենտրոնում կան նաև մեծահասակների բազմաթիվ ծրագրեր, որոնց համար գործում են արտ-թերապևտիկ, ինքնաճանաչման և անձնային աճի խմբեր:

Ինչպես նաև «Ավազե ամրոցը» բոլոր մեծահասակների համար կազմակերպում է մեկանգամյա թեմատիկ հանդիպումներ, որին կարող են մասնակցել տարբեր մասնագիտություններ և նախասիրություններ ունեցող անձինք:

Կենտրոնի հոգեբան Լուսինե Աղաբեկյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ, կարևորելով երեխայի առողջ զարգացումը վաղ տարիքից, «Ավազե ամրոցում» հատուկ  ուշադրություն են դարձնում ծնողավարության ծրագրերին, ծնողների հետ աշխատանքին, ինչպես նաև իրականացվում են հատուկ ծրագրեր հղի կանանց համար:

«Մենք իրականացնում ենք զարգացնող աշխատանք` նախատեսված առողջ երեխաների և մեծահասակների  համար, ինչպես նաև  բուժիչ (հոգեթերապևտիկ) նշանակություն ունեցող աշխատանք` նախատեսված  հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց  համար: Անհատական հոգեբանական խորհրդատվությունը գործում է տարբեր տարիքի ներկայացուցիչների համար:  Կենտրոնում իրականցվող ծրագրերը արդյունավետ են հոգեբանական բազմաթիվ խնդիրների դեպքում` վախեր, շփման դժվարություններ, հուզական խանգարումներ, վարքաբանական ոլորտի խնդիրներ, կոնֆլիկտներ, տրավմաներ և այլն», – հավելեց Լուսինե Աղաբեկյանը:

Լարա Առաքելյան

Անկախ

Tags: ,