ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻՐԱՐ, ԻԲՐ` ՍԻՐԵԼ…

brnabar 1Տղամարդը կնոջն առևանգել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ու բռնաբարել նրան

Ամենաբարդ ու դժվար բացահայտվող հանցատեսակներից է բռնաբարությունը. օրենքը հստակ արձանագրում է՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ` վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, ավարտվել է Խաչատուր Ա.-ի (Անունը փոխված է) գործով դատական քննությունը:

Նախաքննության փուլում
Քաղաքացի Խաչատուր Ա.-ն և Կ. Բ.-ն 2007-ից վերջինիս ամուսնու միջոցով ծանոթացել են, ունեցել մտերիմ հարաբերություններ, իսկ 2010 թ. հոկտեմբեր ամսից Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատվել են ինտիմ հարաբերություններ: 2013 թ. փետրվարի վերջերին Կ. Բ.-ն խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ, և պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: Խաչատուր Ա.-ն, չհամակերպվելով Կ. Բ.-ի որոշման հետ, 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում տեսնելով միայնակ քայլող Կ. Բ.-ին, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող ավտոմեքենան կտրուկ վարել է նրա ուղղությամբ, արգելակել անմիջապես նրա կողքին, որից հետո պահանջել նստել մեքենան:
Ստանալով Կ. Բ.-ի մերժումը, ավտոմեքենայից վերցնելով պտուտակահան` իջել է ավտոմեքենայից և այն սեղմելով մեջքին, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով` վերջինիս կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և շարունակելով իր բռնի գործողությունները, ծեծի ենթարկելով և սպառնալիքներ տալով` բացահայտ առևանգել է Կ. Բ.-ին, նրան տեղափոխել շուրջ 5-6 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այնուհետև, երբ Կ. Բ.-ն ցանկացել է դիմել փախուստի, Խաչատուր Ա.-ն հետապնդել է վերջինիս և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանակահարել է…
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ 2007 թվականից մտերիմ հարաբերություններ են հաստատվել տուժող Կ. Բ.-ի ամուսնու` Վ. Չ.-ի և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև: Այդ ընթացքում տուժող Կ. Բ.-ն և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև ինտիմ կապ է ստեղծվել, որի պատճառով Խաչատուր Ա.-ն դանակահարել է Վ. Չ.-ին, վերջինիս պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: Խաչատուր Ա.-ն կալանավորվել է, իսկ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 2-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Պատիժը լրիվ կրելով` ազատվել է: Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատված հարաբերությունները շարունակվել են:

Առևանգել և բռնաբարել է
Ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի մեղավորությունը դատարանը համարել է ապացուցված դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Այսպես, քրեական գործով տուժող Կ. Բ.-ն ցուցմունք է տվել, որ 2007-ից ճանաչում է Խաչատուր Ա.-ին: Ժամանակի ընթացքում նրանց միջև սկսվել են մտերիմ հարաբերություններ, ապա նաև` ինտիմ կապ: 2013 թ. փետրվարի վերջերին ինքը խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ և նրանից պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, դուրս է եկել տնից, որպեսզի գնա վարսավիրանոց: Փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենայով շատ ուժեղ արագությամբ եկել է Խաչատուր Ա.-ն, մեքենան կանգնեցրել իր դիմաց և պահանջել նստել մեքենան: Սակայն ստանալով իր մերժումը` Խաչատուր Ա.-ն բացել է մեքենայի պահատուփը, այնտեղից վերցրել պտուտակահան և մեքենայից իջնելով` ձախ ձեռքով բռնել է իրեն, պտուտակահանը դրել է իր մեջքին և սեղմել` ասելով, թե կատակ չի անում, կխփի:
Ինքը, վախենալով Խաչատուր Ա.-ից, նրան լավ ճանաչելով, մտածել է, որ նա կարող է պտուտակահանը մտցնել իր մարմինը, Խաչատուր Ա.-ի ուղեկցությամբ և պտուտակահանի ճնշման տակ մոտեցել է ավտոմեքենային: Խաչատուր Ա.-ն իրեն հրել է մեքենայի մեջ և դուռը փակել, այնուհետև մեքենան վարել է և ճանապարհին մի քանի անգամ հարվածել իրեն, սպառնացել, որ եթե փորձի փախչել, իրեն կսպանի, բացի իրենից կսպանի նաև իր երեխաներին: Ճանապարհին Խաչատուր Ա.-ն իրենից պահանջել է գումար, ապա վերցրել է 1 հատ 1000 ՀՀ դրամ, մտել է խանութ և գնել 2 շիշ գարեջուր և ծխախոտ: Խաչատուր Ա.-ն իր խնդրած ջուրը չի բերել ասելով, թե ինքը դրան արժանի չէ: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար իրեն խմեցնել գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել Խաչատուր Ա.-ի կրծքավանդակին, այդ ընթացքում իր մատին եղած մատանու քարերն ընկել են: Խաչատուր Ա.-ն մի կողմ է դրել գարեջրի շիշը և իր դեմքին ձեռքով մի քանի անգամ հարվածել, ապա հանել է իր հագի ճտքավոր կոշիկները, ձախ ոտքի զուգագուլպան, նույն կողմի ներքնաշորը: Լինելով ուժասպառ, ինքը դիմադրություն չի կարողացել ցույց տալ, Խաչատուր Ա.-ին ասել է, որ իր մոտ դաշտանային ցիկլ է և ինքը միջադիր է օգտագործել: Խաչատուր Ա.-ն, արհամարհելով այդ հանգամանքը, ամբողջովին իջեցրել է առջևի աջ նստատեղի հենակը, պառկել իր վրա և սկսել համբուրել, ապա սկսել է բռնաբարել: Կ. Բ.-ն խնդրել է, որ Խաչատուր Ա.-ն դադարեցնի, խաբել է, որ իբր 10 րոպե հանգստանալուց հետո ինքը կամովին կտրվի: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն հավատացել է իրեն, ապա ինքը դուրս է եկել մեքենայից և նստել մոտակա քարի վրա: Շուրջ 2 րոպե նստած մնալուց հետո, երբ Խաչատուր Ա.-ն գարեջուր է խմել, ինքը ոտքի է կանգնել ու դիմել փախուստի, սակայն Խաչատուր Ա.-ն արագ մեքենան վարել է իր հետևից, հասել է իրեն, իջել մեքենայից, իրեն դաժան ծեծի է ենթարկել, որի պատճառով ծնոտը դուրս է ընկել: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն իրեն նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել է խանութ, գնել է ջուր, այնուհետև գնացել են մոտ 100-150 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայան, որտեղ Խաչատուր Ա.-ն պարտքով բենզին է լցրել, իսկ բենզալցակայանի աշխատակցին ասել է, թե իբր իրեն ինսուլտ է խփել, ապա տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ էլ ինքը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:

Տուժողի հակասական ցուցմունքը
Քրեական գործով տուժող Կ. Բ.-ն, սակայն, հետագայում դատարանին հակասական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Խաչատուր Ա.-ին սիրում է, ցանկանում է նրա հետ ամուսնանալ: Տուժողն ասել է, որ իր խղճի վրա նստել է այն, որ Խաչատուր Ա.-ն արդեն երրորդ անգամ դատվում է իր պատճառով:
Կ. Բ.-ն ասել է նաև, որ Խաչատուր Ա.-ն իրեն չի առևանգել և չի բռնաբարել, այդ ինքն է նրա հետ իր կամքով գնացել, իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, որի ընթացքում ինքը վատացել է, և որպեսզի իրեն ուշքի բերի, Խաչատուր Ա.-ն իրեն ապտակել է, որի ընթացքում էլ ստացել է իր մոտ արձանագրված մարմնական վնասվածքները:
Կ. Բ.-ն այս փաստը հիմնավորել է` նշելով, որ նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, ոստիկանության բաժնին իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ իր մոտ են գտնվել իր հարազատները` քույրը, որդին, ամուսնու հարազատները, ինչից ինքը կաշկանդվել է և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու հաղորդումներ է տվել:

Մեղադրանք
Տուժող Կ. Բ.-ի նշված պատճառաբանությունները դատարանը համարել է անարժանահավատ, դրանք գնահատել որպես ամբաստանյալին պատասխանատվությունից և պատժից ազատելուն միտված դիրքորոշում, ամբաստանյալի նկատմամբ ցուցաբերվող խղճահարության դրսևորում:
Խաչատուր Ա.-ին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (մարդուն առևանգելը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 138-րդ հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) հատկանիշներով նախատեսված հանցանքների կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառեց` դատապարտելով ազատազրկման 6 տարի ժամկետով:

 

Tags: