Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Մասնավորապես ասվում է.
«Ինձ զարմացրեց, որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան կառավարության կողմից կատարված հայերի ու մյուս քրիստոնյաների Ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այժմյան ղեկավարը պարզապես ափսոսանք է հայտնում «1915թ-ի իրադարձությունների վերաբերյալ» ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ՝ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, ոչ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, հայերի ու թուրքերի միջև հաշտեցումը հնարավոր դարձնելուն ուղղված:
Ցավոք, Ձեր դիմումը պարունակում է հայտարարարություններ, որոնք արտացոլում են Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Թույլ տվեք հաստատել, որ այսօր շատ թուրքեր դադարել են հավատալ «1915թ-ի իրադարձությունների» այն պաշտոնական մեկնաբանություններին, որ դուք եք նրանց տալիս: Դատելով այն գրառումներից, որ թուրք այցելուները թողնում են Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանում՝ նրանք բոլորը ցանկանում են իմանալ ճշմարտությունը՝ ճշմարտություն, որն աղավաղվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում:
Կա պարզ, բայց միաժամանակ հզոր պնդում՝ «ճշմարտությունը կազատի ձեզ»: Բայց մինչ նման հայտարարություն անելը, դուք նախ փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը: Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հայտնվեց մի քանի օր անց այն դեպքից, երբ Թուրքիայում Թվիթթերի արգելման հրաման տվեցիք՝ դրանով խախտելով թուրք երիտասարդության ազատ խոսքի հիմնարար իրավունքը:
Ձեր հայտարարության մեջ օգտագործում եք «դեմոկրատիա», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» և այլ նման համընդհանուր արժևորված հասկացություններ: Թույլ տվեք Ձեզ հարցնել` ի՞նչու պետք է օգտագործեք նման հասկացություններ, երբ Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը դեռ փակ է պահում, երբ Հրանտ Դինքին սպանողները դեռ անպատիժ են և պատվի են արժանանում Թուրքիայում, երբ հայկական հուշարձանները դեռևս լիովին ոչնչացման վտանգի տակ են, երբ Սիրիայի հայերով բնակեցված Քեսաբ գյուղի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումը աջակցվում էր Թուրքիայի կողմից:
Հյուսիսային Կիպրոսը շարունակում է գրավված մնալ Թուրքիայի կողմից: Ավելին, որոշ ադրբեջանացի սպաներ թուրքական ռազմական ուժերում վերապատրաստվում են, թե «ինչպես սպանել մարդուն զանազան սարքավորումներով»: Հենց նոր ես մեջբերեցի Ռամիլ Սաֆարովի խոսքերը՝ թուրք սպայի, ով կրթվել, պատրաստվել է Թուրքիայում և գլխատել քնած հայ սպայի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ժամանակ Բուդապեշտում, 10 տարի առաջ:
Լիովին հասկանում եմ՝ որքան վտանգավոր է այն պատմության վերանայումը, որը կեղծվել ու խեղաթյուրվել է սկզբից: Այն ծախսատար է, նույնիսկ վտանգավոր նախաձեռնություն, քանի որ այն կլրացնի բազում բացեր և կկոտրի Թուրքիայի պատմության շատ տաբուներ: Բայց ուրախ եմ, որ շատ թուրք գործընկերներ չեն համաձայնի «1915թ-ի իրադարձությունները» քննելու նպատակով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու Ձեր սխալ ու հետընթաց գաղափարին:
Մինչ թուրք-հայկական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտության ընդգծումը, ևս մեկ անգամ առաջարկում եմ հաշվի առնել հետևյալ հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունը՝
ա/ թուրք-հայկական, Թուրքիա-ԵՄ և թուրք-սիրիական հանձնաժողովներ՝ սահմանների հարցերի շուրջ:
բ/ թուրք-կիպրական հանձնաժողով՝ Կիպրոսում 1974թ.-ին թուրքական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
գ/ թուրք-հունական հանձնաժողովի ստեղծում՝ Ստամբուլում 1955թ.-ին կազմակերպված ջարդերի ընթացքում զոհված հույների համար փոխատուցման հարցի շուրջ:
դ/ Թուրքիա-ՆԱՏՕ հանձնաժողովի ստեղծում՝ գրավված Հյուսիսային Կիպրոսի տարածքում Ադրբեջանի սպաների վերապատրաստման շուրջ:
ե/ հրեա-թուրքական հանձնաժողով՝ 1930-ականների սկզբներին հրեաների արտաքսման և նրանց իրավունքների խախտման վերաբերյալ:
զ/թուրք-քրդական հանձնաժողով փոխհատուցման վերաբերյալ՝ որպես քուրդ քաղաքացիների բռնի վերաբնակեցման հետևանք:
է/ թուրք-հայկական հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման շուրջ:
Արդյո՞ք սրանք բավարար են մինչ 2023թ. Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը:
Իմ նախնիները Կարս քաղաքից են, քաղաք, որը ավելի քան հազար տարի առաջ Հայկական Թագավորության մայրաքաղաքն էր: Ես կայցելեի իմ նախնիների քաղաք, որտեղից նրանք վտարվել են երկու անգամ՝ 1918 թ-ին՝ իթթիհատականների և 1920թ-ին՝ քեմալականների կողմից: Բայց չեմ կարող այցելել այն դեպքում, երբ Ձեր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ անց Սուրբ Առաքելոց վանքը վերածվեց մզկիթի:
Կուզենայի հավատալ Ձեր մտադրությունների անկեղծությանը և որպես դրա նշան՝ կուզենայի ականատես լինել Հայկական եկեղեցու վերափոխմանը, որտեղ կկարողանայի աղոթել, ինչպես իմ նախնիներն էին անում մեկ դար առաջ:
Հարգելի՛ պարոն վարչապետ: Այո՛, Դուք ճիշտ եք՝ ասելով, որ «Ապրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար»: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է: Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրությու՛ն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետևորդներ: Մենք՝ կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմ ակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթ»: Իսկապես, հիասքանչ հայտարարություն: Բայց թու՛յլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թու՛յլ տվեք գուշակել: Կարծում եմ , որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ ճշմարտությանը հասնելու համար:
Ապագայի նկատմամբ հույսերով»:
Tags: Թայիփ Էրդողանը, թուրքիա, հայկ դեմոյան