5 գլխավոր պատճառ, թե ինչու Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին

915620A8-A2D9-4B9F-9B4A-C83EC9CD8DBF_mw1024_n_sԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից:

Ըստ նրա, այս որոշումը վերլուծված և փաստարկված որոշում է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից:

Որոշման դրդապատճառներից նա առանձնացրեց հինգ հիմնականները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՍԴ բարեփոխումների նիստում, ըստ որի այլևս չի հավակնում ՀՀ-ում զբաղեցնել նախագահի և վարչապետի պաշտոնները և քաղաքական գերակայություն է հռչակում իշխող հանրապետական կուսակցության հետագա որոշիչ դերակատարման ապահովումը գալիք ընտրություններում: Այս վերջին դիրքորոշման հետ էլ կապված է ՕԵԿ-ի անհամաձայնությունը:

Կոալիցիայից դուրս գալու որոշման երկրորդ հիմնական պատճառը Սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստն է:  Ըստ Արթուր Բաղդասարյանի, այս պահին երկրի առջև ծառացած են ավելի լուրջ խնդիրներ, և դրա անհրաժեշտությունը հրատապ չէր:

Երրորդ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն է՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

Չորրորդը՝ կառավարության հրաժարականը, իսկ վերջինը՝ նոր կառավարության ձևավորումը:

“Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց կյանքում լինում են ընկերներ, որ ամեն մեկը գնում է իր ճանապարհով, ես հիմա գնում եմ իմ ճանապարհով և ունեմ ապագայի վերաբերյալ իմ օրակարգը և իմ տեսլականը, որը չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսլականի հետ”,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց, որ քննադատելու է Սերժ Սարգսյանի այն բոլոր քայլերը, որոնք իր կարծիքով կլինեն սխալ և անարդյունավետ: Այնուամենայնիվ, հարցին, թե կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արթուր Բաղդասարյանն ասաց՝ ոչ, քանի որ նրա հետ երկար ճանապարհ է անցել, և դա իր կողմից ոչ բարոյական քայլ կլինի:

Նա ասաց, որ ՕԵԿ-ը շարունակելու է իր ակտիվ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում՝ մասնավորապես ընդդիմադիր դաշտում: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը քաղաքականության մեջ ընդունում է դասական տարբերակը՝ ընդդիմություն կամ իշխանություն:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այսուհետ կլինի ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահը՝ նշելով, որ դա իրեն չի կաշկանդի աշխատելու ընդդիմադիր դաշտում:

ՕԵԿ-ը գնահատում է քաղաքական գործընկերների հետ համատեղ կատարած աշխատանքները, սակայն միաժամանակ փաստում, որ իրենց այդպես էլ չի հաջողվել կոալիցիայում ունենալ վճռորոշ դերակատարություն:

“Մեր ազդեցությունը որոշումների կայացումների վրա շատ սահմանափակ էր, իսկ այն հարցին, որ մեզ վեց տարի էր պետք դա հասկանալու համար, այո,. շատ լավ հարց էր: Վեց տարիների ընթացքում մենք փորձել ենք ազդեցություն ունենալ, կյանքի կոչել մեր ծրագրերը, ինչի համար, որ այս կոալիցիայում ենք, բայց այսօր, գնահատելով իրավիճակը, հասկանում ենք, որ չենք կարողացել”,-ասաց նա:

Խոսելով վարչապետի պաշտոնի հավակնությունների մասին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց.

“Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ Պարոն Բաղդասարյան, ունենալով վեց պատգամավոր, դուք հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Ես պատասխանում եմ, բայց չէ՞ որ մենք վեցը չենք եղել, այլ 76 ենք եղել, եղել ենք քաղաքական կոալիցիա: Թե՞ կարելի է հաշվել վեց, երբ անհրաժեշտ է, իսկ երբ բյուջեն է քվեարկվում, երբ բազմաթիվ վիճահարույց օրինագծեր կյանքի էին կոչվում ՕԵԿ-ի քվեներով, 76″,-ակնարկեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով՝ այն հիմնավորված էր, նույնիսկ՝ ուշացած: Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է գործի ավելի ագրեսիվ ու նպատակաուղղված. “Ասել, որ այս կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, միանշանակ ոչ: Հիշենք նախագահի հայտարարությունը յոթ տոկոսանոց տնտեսական աճի մասին, բայց տնտեսական աճն ապահովվեց ընդամենը երեքուկես տոկոս: Ես ավելի նախաձեռնողական կառավարության կողմնակից եմ եղել և գտնում եմ, որ այդ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր”:

Նոր վարչապետի մասին նա աշխատեց չեզոք խոսել՝ նշելով, որ հաջողություն է մաղթում նրա գործունեությանը. “Իսկապես երկիրը ներքին ու  արտաքին լրջագույն խնդիրների առջև է կանգնած, և անհրաժեշտ են հավակնոտ, նորարարական, արդյունքին միտված լուծումներ: Թե ինչպիսին կլինի  նոր կառավարության գործունեությունը, ցույց կտա ժամանակը: Կարող եմ ասել, որ մենք նոր կառավարությանը չենք խանգարելու: Կսպասենք ժողովրդի կողմից տրված հարյուր օրին և կտանք մեր քաղաքական գնահատականը”:

Նա նաև հայտարարեց, որ քաղաքական դաշտում որևէ մեկի դերը չեն  զբաղեցնելու, փոխարենը առաջարկում են երկրի ապագայի իրենց օրակարգը: Սակայն պատրաստ են համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի՝ այդ թվում և քառյակի հետ:

Արթուր Բաղդասարյանը բացառեց կոալիցիա վերադառնալու հավանականությունը, սակայն չբացառեց առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը՝ միաժամանակ նշելով, որ դեռ շատ ժամանակ կա, և այդ ընթացքում շատ ջրեր կհոսեն:

Անկախ

Tags: ,