Գյումրիում երկաթուղայինները մնացել են առանց հիվանդանոցի

գործադուլ 3Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ էին կազմակերպել, որի ժամանակ ներկայացրեցին համակարգի բոլոր թերություններն ու խնդիրները: Մանսավորապես, նրանք դժգոհեցին, որ ամեն ամիս իրենց աշխատավարձներից գումար են պահում՝ բժշկական զննության ու բուժման համար, սակայն, հիվանդանոցներում իրենք միշտ վճարումներ են անում որեւէ ծառայությունից օգտվելու համար:
«Ամիսը 600 դրամ մեր աշխատավարձերից  պահում են որպես  բուժման փող, բայց ո՞ր հիվանդանոցն է, ո՞ր պոլիկլինիկան՝ հեչ մարդ չգիտե: Արդեն 10 տարի ամիսը 600 դրամ կմուծեմ, բայց ամեն անգամ բուժզննման գնալիս՝ փող կմուծեմ, որովհետեւ պետպատվեր չկա», – ասում են դեպոյի աշխատակիցները:
«Մենք երկաթգծի մեծ հիվանդանոց ունեինք, քանդին, դարձրեցին զիբիլնոց: Թող մի հատ կես վագոնի չափ տեղ սարքեն, մենք էլ իմանանք մեր փողերն ուր կերթան», – շարունակում են մյուսները:
Գյումրու երկաթգծի հիվանդանոցը, որ տեղակայված էր ճարտարապետական կառույցում եւ գտնվում էր լոկոմոտիվային դեպոյից «Գյումրի» կայարան ճանապարհին, ժամանակին սպասարկել է երկաթուղայիններին ու նրանց ընտանիքների անդամներին, հետո ընդարձակվել են գործունեության շրջանակները եւ ծառայություններ են մատուցել ամբողջ քաղաքի ազգաբնակչությանը:  Երբ  2-2.5 տարի առաջ կառուցվեց «Գյումրի»  բժշկական կենտրոնը, երկու այլ հիվանդանոցների հետ  երկաթգծի հիվանդանոցը եւս միացվեց կենտրոնին ու դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: Շենքը մինչ օրս դատարկ է, այստեղ որեւէ հաստատություն չի տեղակայվել, իսկ երկաթուղայինների համար անգամ բուժկետ չկա «Գյումրի»  կայարանում:
Քանի որ մեքենավարի ու նրա օգնականի աշխատանքը համարվում է խիստ ռիսկային, նրանք վճարվում են նաեւ դրա համար՝ աշխատավարձի 30%-ի չափով, նույնչափ նաեւ՝ գիշերային աշխատանքի համար:
«Շայդուլինը՝ ՀԵԿ նախկին գլխավոր տնօրենը, մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքով մինիմալը 30% է  գիշերը աշխատելու ու «վրեդնոստի» դեպքում, բայց հաշվի առնելով ձեր մասնագիտությունները՝ ես դրանք 50% եմ թողնում: Ռեբեցը եկավ՝ էլի իջեցրեց 30%», – խնդիրը ներկայացրեց մեքենավարի օգնական Դավիթ Փուշթոյանը:
Առհասարակ, դեպոյի աշխատակիցները վիրավորված են Վիկտոր Ռեբեցի վերաբերմունքից դեպի իրենց, մինչդեռ նշում են, թե Շայդուլինի նման ղեկավար իրենք չեն տեսել՝ ամիսը ամենաքիչը մեկ անգամ գալիս էր հանդիպման, հատուկ պայմաններ ստեղծում բեռնափոխադրումների աճի համար, ընդառաջում աշխատակիցներին: Իսկ Վիկտոր Ռեբեցը ոչ միայն արհամարհում է աշխատակիցներին, անպատասխան թողնում նրանց հարցերն ու հրավերները, նաեւ՝ խտրականություն դնում հայ եւ ռուս աշխատակիցների միջեւ: Ասում են՝ այստեղ ունենալով լավ մասնագետներ՝ Ռուսաստանից են աշխատողներ բերում, նրանց հսկայական գումարներ վճարում, կեցության հարց լուծում եւ այլն:
Նրանք հույս ունեն , որ գործադուլից հետո ղեկավարությունը կարձագանքի իրենց խնդրին, հակառակ դեպքում, հինգ օր հետո ավելի լուրջ քայլերի կդիմեն:

Tags: ,