Խորհրդարանում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը կասեցնելու մասին հարցը

10250238_733063550049570_7977704228832853991_nԱպրիլին 28-ին մեկնարկելիք Խորհրդարանական եռօրյային ընդառաջ՝ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցողն էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ: Նախագծի ընդունման դեպքում, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴ որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը, կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, միաժամանակ անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ՍԴ-ում «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դիմող կողմի ներկայացուցիչ էր, մի քանի հարցեր բարձրացրեց, որոնցից առաջինը վերաբերում է գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր վճարների հաշվարկի ժամանակ հաշվետվություններ ներկայացնելիս իրենց կամքից անկախ պարտադիր կուտակայինը հաշվարկելու հարցին: «Այն հանգամանքը, որ այս նախագծով առաջարկում ենք տույժն ու տուգանքը կասեցնել, որը դեֆակտո նշանակում է, որ գործատուի կողմից հարկային գործակալի պարտականությունների չկատարումը պատասխանատվություն չի առաջացնելու, բայց փոխարենը մենք տեղեկատվական բազայում ունենալու ենք այդ տեղեկատվությունը, մեզ ավելի մեծ հնարավորություն կտա հետագա վերահաշվարկը կատարելու համար. սա այս պահին ձևավորած մեր մոտեցումն ու կարծիքն է»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է պատգամավոր Մինասյանի հարցին, թե  այն գործատուները, ովքեր պահել ու փոխանցել են գումարները, կարո՞ղ են իրենց աշխատակիցների մոտ իրականացրած հարցումների հիման վրա հետ պահանջել գումարները, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ խնդիրը վերահաշվարկին է վերաբերում: Նախարարի պաշտոնակատարի կարծիքով, խնդիրներին պետք է տալ օրենսդրական լուծում, իսկ այսօր, չունենալով համապատասխան իրավական ակտ, ժամանակավրեպ կլինի այդ գործընացը որևէ կերպ իրականացնել: Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք մինչև  այս պահը փոխանցված գումարները հնարավո՞ր է, որ դատական կարգով պարտադրվի գումարները ֆոնդից կամ կամուրջ հաշվից պահանջել, արդյոք քննարկվող նախագիծը այդ հնարավորությունը տալիս է՞: «Բնականաբար, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և այդ առումով քաղաքացին կարող է դիմել, և մենք որևէ սահմանափակում չենք կարող ունենալ, բայց կարծում եմ, որ այս գործընթացի պարագայում պիտի ունենա այն կոնսեսուսը, որը անհրաժեշտ է կենսաթոշակային բարեփոխումները բարեհաջող իրականացնելու համար»,-եզրափակեց Արտեմ Ասատրյանը:

 

Անկախ 

Tags: , ,