Մեծամասնությունը մերժեց 4 ուժերի առաջարկը, ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն հռչակեց

nkar aj1Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյան, որը բավականին հագեցած է: Այս քառօրյայում քվեարկության են դրվելու ոչ միայն մի շարք խնդրահարույց օրինագծեր, այլև կատարվելու է ԱԺ նախագահի փակ, գաղտնի ընտրությունը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այսուհետ ՕԵԿ-ը խորհրդարանում հանդես կգա որպես ընդդիմություն:

Շարմազանովը տեղեկացրեց, որ ԿԸՀ որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից ԱԺ պատագամավոր են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը և Վահրամ Մկրտչյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի անունից 20 րոպես ընդմիջում խնդրեց՝ քննարկելու լրացուցիչ վճարների, տուրքերի և տուգանքների, արագաչափերի, նկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղիների, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձանժողով ստեղծելու հարցը:

Հիշեցնենք, որ ամսի 23-ին խորհրդարանում այդ հարցով կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ, որի վերաբերյալ, սակայն Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Քսան րոպե անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հարցը քննարկվել է խմբակցությունում, և իրենք դեմ են քվեարկելու նախաձեռնությանը, քանի որ, ըստ էության բոլորը՝ այդ թվում նաև կառավարությունն ու իշխող ուժը, համամիտ են, որ օրենքում փոփոխություններ անելու կարիք կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ փաստորեն, մեծամասնության դիրքորոշումն այն է, որ այս նախագծի ընդունումը կնշանակի անվստահությւն կառավարության նկատմամբ: “Սա վկայում է շատ ապակառուցողական դիրքորոշման մասին”,-ասաց նա:

ԲՀԿ անունից հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը. “Այո, մենք գնացինք կոմպրոմիսի՝ մտածելով, որ խորհրդարանական լսումերը կարող են որոշակի լուծում տալ, սակայն մենք մնում ենք մեր համոզմանը, որ հարցը պետք է լուծվի այստեղ ՝ խորհրդարանում, քանի որ մեր տպավորությամբ պատկան մարմինների դիրքորոշումն այն է, որ որ նրանք, որոնք զբաղված են այդ արագաչափերով, օժտված են աննախադեպ անձնազոհությամբ: Այնպես որ, մենք կողմ ենք այդ հանձնաժողովի ստեղծմանը:”:

Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց՝ 51  կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այս պահին խորհրդարանը քննարկում է “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:

Օրենքի նախագծի դեմ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ բնապահպաններ:

Անկախ

Tags: , ,