Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը հաստատվեց որոշակի զիջումով

Սևանա լիճ“Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը, սակայն, նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հարցի շուրջ տեղի ունեցած բուռն քննարկումները, հասարակական կարծիքը, կառավարությունն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը այս պահին սահմանափակել և տեղավորվել մեկ տարվա ժամկետում. «Բայց նաև առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն Ձեզ»,-հավելեց նա:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել էին հինգ տարին սահմանափակել մեկ տարով, որովհետև առնվազն հասկանալի չէր, թե որ Նոստրադամուսը կարող էր հինգ տարվա կանխատեսում անել:

Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք սա համարում են իրավիճակային ելք. «Տասնյակ  գյուղերի բնակիչներ դիմել են մեզ՝ասելով, որ ջուր չլինելու պատճառով հողերը զրկված են ոռոգման հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ հասկանալով, որ խնդիրը պետք է գլոբալ և լրջագույն ստուգում ստանա, ինչպես նաև մենք առաջարկում ենք Հիդրոմետին, որը «Սևանի մասին» օրենքի համաձայն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնի մշտադիտարկման արդյունքները բալանսի հետ կապված»:

Հիշեցնենք, որ խնդրահարույց օրենքի նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մտավախություն կա, որ դա մեծ վնաս կհասցնի ջրի էկոհամակարգին:

 

Անկախ

Tags: ,