Գալուստ Սահակյանը 101 կողմ, 3 դեմ ձայնով դարձավ Ազգային ժողովի նախագահ` «ազնիվ պայքարի շնորհիվ»

arm138070333096

Քիչ առաջ ԱԺ հաշվիչ Հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց Աժ նախագահի փակ, գաղտնի քվեարկության արդյունքները: Նա ասաց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր:

Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում երկու թեկնածուին էլ դեմ է քվեարկված եղել, իսկ մյուսի դեպքում Գալուստ Սահակյանի անվան կողմ “պտիչկա” է դրված եղել` փոխանակ ոչ ցանկալի թեկնածուի անվան վրա գիծ քաշելուն:

Այսպիսով, Հրանտ Բագրատյանին կողմ է քվերակել 3 պատգամավոր, դեմ`101, Գալուստ Սահակյանին օգտին կողմ  է քվեարկել 101 պատգամավոր, դեմ` 3:

Գալուստ Սահակյանը` որպես ԱԺ նախագահ, իր առաջին ելույթում հայտարարեց, որ շնորհակալ է ՀՀ նախագահին` իր թեկնածությունն առաջադրելու համար, ՀՀԿ-ին` իրեն սատարելու համար, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին` քվերակությանը մասնակցելու համար, ինչպես նաև այն խմբակցություններին, որոնք չմասնակցեցին քվեարկությանը:

“Ես ազնիվ ձևով եմ գնահատում իրավիճակը, որովհետև իմ կյանքը միշտ էդպես է եղել, ես միշտ պայքարի միջոցով եմ կարողացել հասնել հաջողությունների”,-ասաց Գալուստ Սահակյանը:

Նա ասաց, որ իր համար ամենաառաջնային խնդիրներից է լինելու խորհդարարանի պատիվը բարձրացնելը: “Կարծում եմ, որ մենք արդեն իսկ սկսել ենք որոշակիորեն նոր մշակույթ ձևավորել խորհրդարանում, որը կշարունակվի նաև հիմա”,-ամփոփեց նա:

Գալուստ Սահակյանը Էդուարդ Շարմազանովի հրավերով զբաղեցրեց իր նոր աթոռը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետականից առաջադրվել էր Գալուստ Սահակյանը և ինքնաառաջադրվել էր Հրանտ Բագրատյանը: ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» որոշել էին չմասնակցել քվեարկությանը` չնայած որ ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից մասնակցողներ եղան` մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը և Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ խմբակցությունում որոշել են ազատ քվեարկել, նույնն էլ ՕԵԿ-ում: Թեկնածու Գալուստ Սահակյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ դրական է գնահատում Հրանտ Բագրատյանի առաջադրումը: «Եթե պայքարով ես հաղթում, կարողանում ես հետագա գործողություններն ավելի հեշտ կազմակերպել»,- ասել էր նա:

Անդրադառնալով քվեարկությանը ընդդիմադիր ուժերի չմասնակցելու որոշմանը և հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների չմասնակցելուն` Գալուստ Սահակյանն ասել էր, որ դա ոչ թե բոյկոտ է, այլ դրանով նրանք, փաստորեն, փորձում են ձախողել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: «Ի՞նչ եք կարծում, Ազգային ժողովը պետք է նախագահ չունենա՞, հանձնաժողովի նախագահ պետք է չունենա և էդպես շարունա՞կ»:

Նա նաև հայտարարել էր, որ վերջին տարիներին բավականին նոր մթնոլորտ է ձևավորվել Ազգային ժողովում, և ինքն իր գործունեությունը տեսնում է շարունակության մեջ: «Այսօր Սևանի մասին օրենքի քվեարկությունը, ժամկետների խնդիրը և՛ ընդդիմադիրների առաջարկությունն էր, և մեր, ու կարողացանք համատեղել մեր ուժերը ժամկետների առումով, բայց ոչ թե նրա համար, որ հինգ տարին կասկածելի է, այլ նրա համար, որ յուրաքանչյուր օրենք և որոշում, որ Ազգային ժողովն ընդունում է, պարտադիր կարգով պիտի նաև հասարակական քննարկման դրվի, որպեսզի հասարակությունն աջակից լինի»:

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել էր, որ իրենց համար առողջ մրցակցությունը խիստ անհրաժեշտ է, և ինքը խորը հարգանք է տածում ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանի նկատմամբ: «Անկախ»-ի դիտարկմանը, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնը համարում է սիմվոլիկ պաշտոն` նշելով, որ իրական լծակներ ունի վարչապետը, Շարմազանովն արձագանքել էր. «Եթե հարգարժան պարոն Բաղդասարյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ ինքը լոկ սիմվոլիկ ԱԺ նախագահ է եղել, ես այդ կարծիքին չեմ, գոնե իմ մոտ նման ընկալում չի եղել»:

Ի դեպ, նույն դիտարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել էր, որ լիովին համամիտ է Արթուր Բաղդասարյանի հայտնած կարծիքի հետ, թե Աժ նախագահի պաշտոնը սիմվոլիկ բնույթ է կրում: Հարցին, թե ժամանակին Արթուր Բաղդասարյանի Աժ նախագահ լինելը նո՞ւյնպես սիմվոլիկ է համարում. «Այո, ինքը հենց դրա համար էլ օրինակը բերեց, քանի որ աշխատել է և փորձ ունի»,-պատասխանել էր ընդդիմադիր Հեղինե Բիշարյանը:

 

Անկախ

Tags: , ,