Ըստ Հակոբ Հակոբյանի՝ պարտադիր կուտակայինը Հայ դատի և Արցախի հարցերից հետո ամենաքննարկվողն է Հայաստանում

Հակոբ-ՀակոբյանՄայիսի կեսին ՀՀ վարչապետը հանդիպելու է և՛ ռեեստր վարողի,  և՛ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչների, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Այս մասին այսօր խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ կառավարւթյունը նախատեսում է հարավորինս շուտ ամբողջական օրենսդրական փաթեթը բերել Ազգային ժողով, որպեսզի հարցը վերջնականապես փակվի:

«Հայ դատի և Արցախի հարցերի հետո վերջին ամենաշատ քննարկվող հարցը Հայաստանի Հանրապետությունում սա է: Էս հարցին մենք պետք է գոնե լուծում տանք, որովհետև սա մեզանից է կախված, ուրիշներից կախված չի»,-ասաց Հակոբյանը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հակոբ Հակոբյանին հարցրեց, թե չի՞ կարծում արդյոք, որ այլևս հարիր չէ նրա՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնւմ աշխատելը, քանի որ ժամանակին հայտնած նրա տեսակետները պարտադիր կուտակայինի վերաբերյալ ճիշտ չեն դուրս եկել:

Բագրատյանը  Հակոբյանին նաև հորդորեց Ազգային ժողովին ասել, որ էստեղ վիճելի հարցեր չկան, և որ սա բարդ խնդիր չէ, որ դեռ երեք ամիս էլ պետք է քննարկվի:

«50 պետությունում սա անում են: Կա 4 տեսակ: Ի՞նչ կարիք կա անընդհատ ասել, թե սա բարդ է, մինչև սեպտեմբերի 30, մինչև հուլիսի 30…ինչո՞ւ եք հասարակությանը աժիոտաժի մեջ գցում: Սա էնքան պրիմտիվ բան է: Ինչի՞  չի կարելի էսօր մի քանի ժամում վերջնական որոշում կայացնել, մեզ էլ տեղյակ պահել, հանրությանն էլ հանգստացնել: Ինչո՞ւ եք ձգում ժամանակը, որպեսզի ձեր որոշումը լուրջ տեսք ստանա»:

Հակոբ Հակոբյանը սկսեց երկրորդ հարցի պատասխանից. «Օրենքի հետ կապված բարդությունը, ձգձգումը կապված է ՍԴ որոշման հետ, որը չի կարգավորել այն նպատակը, որը դրված է մեր առաջ,և որը հանրությունը քննարկում է»:

Ըստ Հակոբյանի` հանրությունն այսօր բաժանված է երկու մասի` մի մասը գտնում է, որ ՍԴ որոշումը պետք է գործի ապրիլի 2-ից, մի մասը, որ՝ սեպտեմբերի 30-ից հետո:

«Քանի որ ՍԴ որոշումը չի անդրադարձել օրենքի 8-րդ հոդվածին, որտեղ կարգավորվում է հաշվառելու և փոխանցելու սկզբունքները, մենք ասում ենք` այնպես, ինչպես կա, տույժ չենք գանձում: Ով հաշվել է, թող հաշվի, ով չի հաշվել, թող մնա իր համոզմանը, մինչև վերջնական որոշում կայացնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ որոշման հետ կապված անորոշություններին` Հակոբ Հակոբյանն ասաց. «ՍԴ անդամը, որը նստելով հեռուստացույցի մոտ, տասը րոպե ասում է մի բան, տասը րոպե հետո` մյուս բանը, դուք ինձանից ե՞ք ուզում պատասխանը ստանալ»:

Ինչ վերաբերում է Բագրատյանի առաջին հարցին` կապված իր պաշտոնում աշխատելու ոչ նպատակահարմարության հետ, Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ Բագրատյանը մի անգամ ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվել, մի անգամ էլ` Աժ նախագահի, և հարց տվեց. «Քանի՞ ձայն տարաք, որ վստահության մասի ենք խոսում: Ես չորս անգամ եղել եմ մեծամասնական պատգամավոր և ամեն անգամ գոնե 30 000 ձայն տարել եմ»:

Բագրատյանն արձագանքեց. «Նախագահի թեկնածուի ժամանակ հավաքել եմ 9 տոկոս, 2-ը վերցրել եք, որ ձեր թեկնածուն անցնի, իսկ երեկ էլ 3 ձայն չի եղել, էդ խոսակցությունը դեռ կգնա, սա էլ իմացեք…»:

Այնուհետև, անցնելով բուն թեմային՝ կուտակայինին, Բագրատյանը շարունակեց պնդել այն միտքը, որ ՍԴ որոշումից հետո մարդիկ այսօր չգիտեն ինչ անել:

Հակոբ Հակոբյանը «շատ պարզ հայերենով» կրկնեց. «Ովքեր որ հաշվել, փոխանցել են, լավ են արել: Ովքեր չեն հաշվել և չեն փոխանցել, նորից լավ են արել: Ովքեր հաշվել են, բայց չեն փոխանցել, էլի՛ լավ են արել»:

 

Անկախ

Tags: , , ,