«Բոլոր ելույթները սկսել եմ հետևյալ մտքով. Հայոց Մեծ Եղեռնը միայն ցեղի սպանություն չէ, սա նաև հայրենիքի սպանություն է». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի ՀովհաննիսյանՀայոց ցեղասպանության 99 ամյակի առթիվ Պոլսում էի՝  մասնակցելու մեր հայրենակիցների, առաջադեմ թուրքերի, քրդերի և Թուրքիայի տարբեր քաղաքացիների հետ Հայոց ցեղասպանության, հայրենազրկման 99 ամյակին նվիրված միջոցառումներին. Թալեաթ Փաշայի անունը կրող երկաթուղու կայարանում ոգեկոչման ելույթ եմ ունեցել, հանդիպել պոլսահայ երիտասարդության հետ և հարցազրույցներ տվել, իսկ կենտրոնական միջոցառումը , որը հիմնականում թուրքերն ու  քրդեր էին կազմակերպել, Թաքսիմ հրապարակում էր, երբ մի քանի հազար մարդ և այդ թվում՝ մեր հայ համայնքի ներկայացուցիչները ոգեկոչեցին մեր զոհերի հիշատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «բոլոր ելույթները սկսել եմ հետևյալ մտքով. Հայոց Մեծ Եղեռնը միայն ցեղի սպանություն չէ, սա նաև հայրենիքի  սպանություն է»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ժխտողականության արդիականացված, վերափաթեթավորված տեսակն է, որը շատ լավ է հնչում արևմտյան ականջներին: Սա վնասների նվազեցումն էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, որ իբրև Թուրքիայում կան փոփոխություններ և եթե իսկապես այդ փոփոխությունը անկեղծ  է, ապա դրա ականատեսը  պետքէ լինենք այս տարվա ընթացքում»:

«Թուրքիայի ժխտողականությունը ուժի մեջ է, քանի դեռ  “ցավակցությունը” եզրույթն օգտագործվում է»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ “միջոցներից մեկը միայն, որ կարող է նախաձեռնել Թուրքիայի կառավարությունը միչև Հայոց Ցեղասպանության ամբողջական ճանաչումը, հատուցումը և իրավուքնների վերակագնումը, այն է, որ առանց քաղաքացիության շնորհման տեղի ունենա հայ մարդու` ազգային օջախ վերադարձի ծրագրի իրականացում: Այսինքն` հայրենիքը կորցրած հայերը պետք է առանց քաղաքացիությունը փոխելու, հատուկ կարգավիճակով իրավունք ունենան վերադառնալու պատմական հայրենիք:

“Անկախ”-ի այն հարցին թե Ցեղասպանության հարցում  պետական մակարդակով իրականացվող քայլերի և Սփյուռքի նախաձեռնությունների միջև կա՞ համաձայնություն, և Ցեղասպանության 100ամյա տարելիցին ընդառաջ ունեն՞ք բացթողումներ, Րաֆֆի Հովհաննիսյան պատասխանեց, որ ցավոք, բացթողումները, սխալները  շատ են, չկա միասնական ռազմավարություն, որի վկայությունն էր նաև արձանագրությունների ստորագրման փորձերը ներկայիս իշխանությունների կողմից, Մաքսային Միությանն անդամակցելու շուրջ իրադարձությունները և այլն, սակայն նշեց նաև, որ ուրախ է, որ հազարավոր թուրքեր այսօր արդեն գիտակցում են իրականությունը, ազատ արտահայտում իրենց կարծիքն ու քննարկումներ ծավալում դրա շուրջ:

Անկախ

Tags: , ,