Դերասանի տանը ՙՙկախված էր՚՚Դորիան Գրեյի դիմանկարը

դորիան գրեյՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Թատերական գործիչների միությունը 2014թ.ապրիլի 25-29-ը անցկացրեց մոնոներկայացումների ՙՙԱրմմոնո՚՚ միջազգային թատերական 12-րդ փառատոնը:

Փառատոնին մասնակցում էր երիտասարդ ռեժիսոր Արուս Գյունաշյանը ՙՙԴորիան Գրեյի դիմանկարը՚՚  հոգեբանական դրամայով, գլխավոր դերում Վարազդատ Փանոյան:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը պնդեց, որ իրեն, որպես ռեժիսորի հետաքրքրում են հոգեբանական դրամաները ու այն թե ինչպիսի հոգեվիճակներ է ունենում տվյալ գրական նյութի հերոսը: Ներկայացման միտքը վաղուց կար, բայց երկար ժամանակ փնտրում էր համապատասխան ստեղծագործություն ու ի վերջո գտավ այն ինչ փնտրում էր: Օսկար ՈՒայլդի ՙՙԴորիան Գրեյի դիմանկարը՚՚ վեպը միշտ ակտուալ է.

ՙՙՄիգուցե ակտուալ է, որովհետև մեր հասարակությունում ևս կգտնվեն մարդիկ ովքեր կցանկանային լինել Դորիան Գրեյի կարգավիճակում, միգուցե պարզապես կարեկցում են տվյալ կերպարին: Միանշանակ չեմ կարող ասել, բայց այս ստեղծագործությունից կարելի է շատ բան սովորել, սա այն գիրքն է, որ ես դեռ երկար տարիներ կվերընթերցեմ ու նոր բացահայտումներ կանեմ ինքս ինձ համար: Բավականին ծավալուն և բազմապլան ստեղծագործություն է, որտեղ Դորիան Գրեյը ներկայացված է տարբեր տեսանկյուններից: Բայց ես որոշեցի նրան ներկայացնել հերոսի, այսինքն Դորիան Գրեյի տեսանկյունից: Թե ինչպիսին է եղել նա, ինչ կյանքով է ապրել և ինչպիսի ապրումներ է ունեցել, որոնք ոչ ոքի հայտնի չեն եղել՚՚:

դորիան գրեյԻ սկզբանե Արուս Գյունաշյանն ու դերասան Վարազդատ Փանոյանը մտադրություն ունեին համատեղ աշխատանք ներկայացնել Արմմոնո միջազգային փառատոնին, ուստի մնում էր միայն գտնել այնպիսի ստեղծագործություն, որում շոշափվող խնդիրները և կերպարի հոգեբանությունը երկուսին էլ հետաքրքրեին: Մեծ պատասխանատվություն է ներկայացնել դասական համարվող ստեղծագործություն, որը բոլորին ծանոթ է: Պատասխանատվություն է ինքդ քո, դերակատարի և իհարկե հանդիսատեսի առաջ: Ելնելով հանդիսատեսի արտահայտած կարծիքներից՝ ռեժիսորը կարծում է, որ ներկայացումն ընդունվեց: Մինչ այդ երկու բեմադրություն է արել՝ Ժան Պոլ ՍարտրիՙՙԴռնփակ՚՚ պիեսն էր եւ Պետեր Տուրրինիի ՙՙՎերջ, վերջապես՚՚ ստեղծագործությունը: Արուս Գյունաշյանը սիրում է թատրոնը, որովհետև նախ բոլոր արվեստների սինթեզն է, բացի դա թատրոնը չունի ոչ մի սահմանափակում: Թատրոնում կարելի է ներկայացնել բոլոր դարաշրջանները, ամեն տեսակի մարդկային բնավորության գծեր, կյանքից վերցված իրավիճակներ, այդ իրավիճակների միջոցով հանդիսատեսի խնդիրներին տալ պատասխաններ: Թատրոնի միջոցով կարելի է բարձրաձայնել ամեն տեսակի խնդիրներ, պարզապես այդ ամենը պետք է անել գեղարվեստորեն: Բոլոր ժամանակներում էլ եղել են թե լավ, թե վատ ներկայացումներ և այսօր էլ այդպես է ու կարծում է դա ճիշտ է: Չեն կարող բոլոր ներկայացումները լավը լինել կամ ընդհակառակը, քանի որ թե աշխարհում, թե կյանքում և թե արվեստում ամեն ինչ կառուցվում է հակադրության վրա, և եթե չլինի վատը չենք իմանա նաև, թե որն է լավը: Թատրոնին միշտ պետք են որակյալ ներկայացումներ, գրագետ և տաղանդավոր դերասաններ, իսկ դերասանին տաղանդ, բանիմաց բեմադրիչներ և հավատարիմ հանդիսատես, ովքեր չեն խնայի և կշռայլեն դերասանին իրենց ծափահարությունները:

Դերասան Վարազդատ Փանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ Դորիան Գրեյի կերպարը հանրությանը ծանոթ էր, թե ֆիլմերից, թե ներկայացումներից որին մարմնավորել են բազմաթիվ տաղանդաշատ դերասաններ: Հետաքրքիր էր մարմնավորել մի կերպարի, որը ներկայացման ընթացքում հանդես է գալիս տարբեր հոգևիճակներում: Սկզբում լարվածություն կար, բայց երբ զգաց հանդիսատեսի ջերմությունը, հուզմունքն անցավ և ներկայացումն ընթացավ իր բնականոն հունով.

ՙՙՓորձում էի միջնորդ հանդիսանալ հեղինակի, ռեժիսորի և հանդիսատեսի միջև, որպեսզի հեղինակի խոսքը, ռեժիսորի մտահղացումները վերարտադրեի դերասանական խաղի և իմ զգացողությունների միջոցով և փոխանցել հանդիսատեսին: Վերջում քննությունը հաջող հանձնած ուսանողի պես թեթևություն զգացի՚՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Tags: